Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Համավարակի դեմ պայքարում պատասխանատվության մեր բաժինն ունենք յուրաքանչյուրս

Համավարակի դեմ պայքարում պատասխանատվության մեր բաժինն ունենք 
յուրաքանչյուրս

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի հերթական «լայվը» փոքր-ինչ տարբերվում էր նախորդներից։ Դա, ըստ էության, վարչապետի հանդիպումն էր արտակարգ իրավիճակում Հայաստանի պարետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Բայց բաց հանդիպում էր՝ քաղաքացիների համար։ Վարչապետի ասելիքի մեխն այն էր, որ դեռ երկար՝ անգամ անորոշ ժամանակ կպահանջվի, մինչեւ մարդկությունը հայտնաբերի կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը կամ պատվաստանյութը, եւ քանի որ չենք կարող այդքան ժամանակ փակված մնալ, պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսի պայմաններում՝ պահպանելով անվտանգության ամենակարեւոր ու առաջնային պայմանները։

Նիկոլ Փաշինյանը փորձեց հենց տեղում իր ու իր զրուցակիցների օրինակի միջոցով ցույց տալ, թե կենդանի շփման մեջ ինչն է անվտանգ ու ինչը՝ ոչ։ Ձեւը, մատուցման եղանակը հետաքրքիր էին ընտրված, բայց այդ ամենի հետեւում իրականում վարչապետը շատ կարեւոր ու բարդ խնդրի մասին բարձրաձայնեց բոլորիս համար։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուրս ենք պատասխանատու ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։ Ամեն մեկս՝ մեր տեղում, մեր շփումներում ու մեր կենցաղում, յուրաքանչյուրս՝ մեր մասով։

Պարզ է, որ պետությունները չեն կարող երկար դիմանալ մեկուսացված վիճակում՝ առանց տնտեսական շրջանառության ու աճի։ Համավարակի դեմ պայքարն ու անցած մեկ-երկու ամիսների փորձը ցույց են տալիս, որ հիվանդության տարածման տեմպերը չեն նվազում, ու մեծ հաշվով առանց պատվաստանյութի հնարավոր չէ այն կանխարգելել։ Վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ եթե ծայրաստիճան խստացումները մեզ թույլ տային ամբողջությամբ հաղթահարել վիրուսը, իմաստ կունենար գնալ դրան, բայց քանի որ այդ պարագայում անգամ հնարավոր չի լինում վիրուսն ամբողջությամբ հաղթահարել, հետեւաբար, անիմաստ է նաեւ ամիսներ շարունակ մնալ փակված ու մեկուսասցված։

Այս պայմաններում մնում է վարել ապակենտրոնացված պայքար, որտեղ ամեն քաղաքացի պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը, ինչը ենթադրում է շատ պարզ պայմանների կատարում՝ պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի մաքրել ձեռքերն ախտահանիչ նյութով, փակել դեմքը փռշտալուց ու հազալուց, հաճախակի օդափոխել սենյակները։

Ըստ որում, լրջագույն պատասխանատվություն են կրում տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու անձինք, քանի որ իրենց արտադրամասերում ու սպասարկման օբյեկտներում անձամբ են լինելու պատասխանատու՝ պարետատան հայտարարած պայմանների կատարման համար։ Յուրաքանչյուրի գիտակցելը՝ իր տեղում, գործատուի վերահսկողությունն ու պայմանների ապահովումը՝ իր։ Չմոռանանք նաեւ, որ շարքային աշխատողի ընկալման ու իրավիճակի լրջության գիտակցման վրա իր էական ազդեցությունն է ունենում գործատուն։

Ի դեպ, ինքնակազմակերպումը մեզ մոտ կարծես թե լավ է ստացվում՝ հաշվի առնելով 2018 թ. ապրիլյան իրադարձությունների կազմակերպվածությունն ու ինքնակազմակերպման բարձր մակարդակը, ուստի պետք է հույս հայտնել, որ այժմ եւս հայ հասարակությունը՝ անկախ տարիքից, բնակության վայրից ու նախասիրություններից, կհետեւի պարետատան ցուցումներին ու վարչապետի հորդորին, քանի որ հենց դրանից է կախված մեր բոլորի առողջությունը, ինչու չէ, հնարավոր է՝ նաեւ կյանքը։

 

Դավիթ  Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ