Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

«Ավելի լավ էր աչքերս կուրանային ու չտեսնեի պատահածը». 29 տարի առաջ մեկնարկեց «Օղակ» գործողությունը

«Ավելի լավ էր աչքերս կուրանային ու չտեսնեի պատահածը». 29 տարի առաջ 
մեկնարկեց «Օղակ» գործողությունը

1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ՄՀՆՋ)` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումնեի հետ համատեղ կազմակերպեցին և իրականացրին Արցախի ու Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Օղակ» («Կոլցո») գործողությունը։ Այն իրականացվում էր հատուկ սխեմայով. հայկական գյուղերը բռնի տեղահանման պլանի իրագործման նպատակով հերթականությամբ շրջափակվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից, այնուհետև օմօնականները «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով ներխուժում էին բնակավայրերը, կողոպտում, սպանում, ահաբեկում, ստիպում «ինքնակամ» լքել գյուղն ու հրաժարվել իրենց ունեցվածքից, բռնի տեղահանում բնակիչներին։

«Օղակ» գործողության ռազմական փուլը մեկնարկում է ապրիլի 30-ին, որի առաջին թիրախը Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն (ներկայումս՝ Չայքենդ) և Մարտունաշեն (ներկայումս՝ Ղարաբուլաղ) հայաբնակ գյուղերն էին։ Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Կիրովաբադում (Գանձակում) տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ շրջապատում են Գետաշենն ու Մարտունաշենը և շրջակա բարձունքներից զրահամեքենաներն ու ուղղաթիռները սկսում են գնդակոծել գյուղերը, որին հաջորդում է բնակչության ջարդը։ Բնակիչների բռնի տեղահանումն իրականացվում է անմարդկային դաժան գործողություններով ու ուղեկցվում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. բնակիչներին կտտանքների ու տանջանքների են ենթարկում, նվաստացնում, տանջամահ անում, սպանում, առևանգում ու գերեվարում, կանանց բռնաբարում, դաժանաբար են վարվում  նույնիսկ երեխաների ու ծերերի հետ։

«Ավելի լավ էր աչքերս կուրանային, որ ես չտեսնեի այն, ինչ պատահեց։ Ապրիլի 30-ին տանկը ներխուժեց գյուղի կենտրոն։ Տանկերով շրջապատեցին գյուղի բոլոր ծայրամասերը… Զինծառայողների հետ կային նաև ադրբեջանցի ՕՄՕՆ-ականներ։ Առաջին վիրավորին՝ իմ հարևանին, ես տեսա սահմռկեցուցիչ վիճակում։ Նա ամբողջովին պատառոտված էր։ Ըստ երևույթին, նրան բռնաբարել էին։ Ես վազեցի բժիշկ Գևորգի (Գևորգ Գրիգորյան՝ խմբ․) հետևից, որը Երևանից ուղղաթիռով էր եկել։ Նա անմիջապես ախտորոշեց. անդամահատել ձեռքը… Բայց նա սկսեց լացել, աղաչել, որ չի կարող մի ձեռքով մեծացնել իր երեք երեխաներին… Վիրաբույժ Գևորգին մեր բոլոր տղամարդկանց հետ, 16 և բարձր տարեկանից սկսած, պատանդառեցին… Ուր նրանց տարան, ոչ ոք չգիտի։ Ադրբեջանցի օմօնականները թալանում էին, ով դիմադրում էր՝ սպանում էին, բռնաբարում, չէին խնայում ոչ ոքի։ Ինձ ծանոթ մի տարեց կին մնացել էր իր տան շեմին նստած։ Նա ասել էր, որ այսպիսի ծեր կնոջը ոչ ոք ձեռք չի տա։ Բայց նրա վրա կրակել էին տան շեմին...»,-վկայել է Գետաշենի բնակիչ էլմիրա Հակոբյանը։

Մարդկային երևակայությունից դուրս նույն վայրագություններն ու սարսափելի պատկերը տիրում էր նաև Մարտունաշենում։ Դեպքերի ականատես, Մարտունաշենի բնակիչ Մարտիրոսը Հովսեփյանը պատմել է, որ ապրիլի 30-ին ժամը 6-ին իր հարևան Նիկոլայը շնչակտուր վազելով եկել է և ասել, որ օմօնականներն ու զինվորականները տանկերով շրջապատել են գյուղը։ Գյուղից 200 մետր հեռավորությամբ բլուրի վրա կանգնած էին յոթ տանկ, իսկ թնդանոթների փողերն ուղղված էին դեպի գյուղը։

«Գյուղի մյուս մասերում տեղակայված բլուրների վրա կանգնած էր 25 տանկ, որոնց փողերն ուղղված էին մեր գյուղի կողմը։ Մի փոքր անց սկսվեցին կրակոցներ թնդանոթներից ու ավտոմատներից։ Տանկերի կրակոցներից տների տանիքները օդ էին բարձրանում, տները այրվում էին։ Այդ ժամանակ հայտնվեցին ուղղաթիռները, որոնցից կրակում էին ներքև։ Գնդակոծումը շարունակվեց երկու ժամ։ Գնդակոծության դադարից հետո [տանկերը] իջան գյուղի ներքևի հատված, որտեղից սկսվեցին կրակոցները։ Այդտեղ տներն ավելի ուժեղ էին այրվում...»,- վկայել է Մ. Հովսեփյանը։

Դեռևս 1989 թ․-ից սկսված խաղաղ բնակչության դեմ տևական ահաբեկչական, անձի արժանապատվությունը վիրավորող գործողությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները, բռնություններն ու հայրենի բնակավայրերից բռնի տեղահանման քաղաքականությունը կանխելու նպատակով 1990 թ․ ընթացքում ձևավորվեցին ինքնապաշտպանական ուժեր։ Գետաշենում ինքնապաշտպանության առաջնորդությունը ստանձնեց Թաթուլ Կրպեյանը, իսկ Մարտուշենում՝ Սիմոն Աչիկգյոզյանը։ Երկուսն էլ ապրիլի 30-ին հերոսաբար զոհվեցին։ Թաթուլ Կրպեյանը կարողացավ գործողությունը ղեկավարող ռւոս գնդապետից վերցնել ազդականչերի ցուցակը, որը արժեավոր տվյալներ է տալիս այդ գործողության վերաբերյալ։

Ռազմական գործողությունների ընթացքում Գետաշենի ռադիոկայանից հաջողվում է Գետաշենի և Մարտունաշենի բնակիչների անունից օգնության խնդրանքով ռադիոհեռագրով դիմել միջազգային հանրությանը։ Ռադիոհեռագրում ասվում էր. «ՍՈ՜Ս, ՍՈ՜Ս, ՍՈ՜Ս… Ադրբեջանում երկու հայկական գյուղերի՝ Գետաշենի ու Մարտունաշենի բնակիչներն աղաչում են ձեզ, փրկե՜ք մեր կյանքը։ Մեզ վրա կրակում են թնդանոթներից, ինքնաձիգներից ու գնդացիրներից, գետնից ու օդից։ Մեզ ճզմում են տանկերով մեր բակերում ու տներում։ Ադրբեջանցի օմօնականները գերեվարում են երեխաներին, կանանց, ծերերին. պատին հարվածելով կոտրում են ձեռքերը, ոտքերը, կողոսկրերը, դեմքերը, հարվածներով վնասում երիկամերը, կենդանի մարդկանց գլխամաշկն են հանում, մերկ մարդկանց հալածում փողոցներում, ծակում դանակներով։ Մեր տղամարդիկ անզոր են պաշտպանել մեզ որսորդական հրացաններով։ Մենք երեք տարի դիմակայել ենք, բայց բանակի դեմ անզոր ենք։ Նրանք ոչնչացնում են մեզ։ Մեզ ստիպում են ընդունել Ադրբեջանի իշանությունն ու լքել մեր հայրենի գյուղերը, նախնիների գերեզմանները։ Բայց նույնիսկ փախչել չեն թույլատրում. կրակում են։ Մեր տները թալանված են, այրվում են։ Մենք պատսպարվելու տեղ չունենք։ Աշխարհի մարդի՛կ, փրկե՜ք։ Գոնե երեխաներին փրկե՜ք։ Մենք զոհվում ենք։ Տանկերով կտրված ենք ներքին աշխարհից։ Սո՜ս, Սո՜ս, Սո՜ս։ Փրկե՜ք»։

Ականատեսների մոտ տպավորվել են հատկապես հայր ու որդի Չիլինգարյանների նկատմամբ իրականացված սահմռկեցուցիչ գործողությունները։ Գերեվարել են, ծեծել, նսեմացրել, ծաղրել, մարմինների վրա այրվող ծխախոտեր հանգցրել… բայց ադրբեջանցիները դրանով չեն սահմանափակվել։ Նրանք հենց հոր աչքերի առջև գլխամաշկ են արել որդուն… Մարտունաշենում ու Գետաշենում հարձակումներն ու բռնի տեղահանումները շարունակվել են նաև մայիսին։ Բռնի գործողություններն ու տեղահանումներն իրականացվել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, չեն հարգվել նույնիսկ լրագրողներին և պատերազմների ժամանակ օգնություն ցուցաբերող բժիշկներին պատանդ չվերցնելուն վերաբերող համամարդկային օրենքները։ Գերիներից ոմանք ծանր խոշտանգումների հետևանքով  միջազգային կառույցների աջակցությամբ ազատ արձակվելուց որոշ ժամանակ անց մահացել են։

Գետաշենում և Մարտունաշենում սկիզբ առած «Օղակ» գործողությունը շարունակվեց նաև Արցախի ու Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում՝ հանգեցնելով դրանց ավերման, մեծ թվով մարդկային կորուստների ու Արցախի բազմաթիվ գյուղերի հայաթափման։ Գործողության արդյունքում Գետաշենում և Մարտունաշենում, ըստ տարբեր աղբյուրների, սպանվել է 37-41 մարդ, վիրավորվել  շուրջ 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Ըստ «Մեմորիալ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը  Գետաշենից ու Մարտունաշենից բռնի տեղահանվել են ավելի քան 3000 բնակիչ։  2287 երեխա, կին և տարեց անձ  մայիսի 4-5-ին ռազմական ուղղաթիռներով այդտեղից տեղափոխվել է Ստեփանակերտ, իսկ այնուհետև Իջևան։ Բացի այդ, մայիսի 8-ին ավտոբուսներով անմիջապես Իջևան է բռնագաղթել ավելի քան 700 տղամարդ։

Ըստ Թոմաս դե Վաալի՝ «Օղակ» գործողությունը դարձավ «խորհրդային շրջանի առաջին ու վերջին քաղաքացիական պատերազմը», որի ժամանակ խորհրդային բանակի զորամասերը խորհրդային տարածքներում մասնակցել են ռազմական գործողություններին։ Իչպես նշում է Ա․ Մ․ Շահնազարովը՝ «Օղակ» գործողության հետևանքով շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, և ղարաբաղյան հակամարտությունը [վերջնականապես] տեղափոխվեց ռազմական հարթություն։  1991 թ․ ԳԿՉՊ-ի պուտչից հետո Ռուսաստանը դադարեցրեց Ադրբեջանին ցուցաբերվող ուղիղ աջակցությունը։ Նույն տարվա աշնանը ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախացած Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով վերջնականապես լուծել Արցախի հայերի խնդիրը, սակայն իր իսկ նախաձեռնած պատերազմում պարտություն կրելով ձախողեց բոլոր պլանները։ Արցախը վաստակեց իր անկախությունը, սակայն Գետաշենի և Շահումյանի շրջանի բնակավայրերը դեռևս բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Թեմայի շուրջ հավելյալ տեղեկություններ, արխիվային  հարցազրույցներ, փաստաթղթեր, վկայություններ ու այլ նյութեր ներկայացված են http://karabakhrecords.info/ և http://sumgait.info/ կայքերում։

Գոհար Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ