Տնտեսություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղեր կստեղծվեն

3 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղեր կստեղծվեն

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրների լուծման միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր:

Ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հայտնեց, որ ծառատնկման գործընթացին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

«Մենք խնդրել էինք նախարարության աշխատակիցներին գնահատել, թե որքան կտրոն հնարավոր կլինի տնկել մեկ օրում: Մեկ օրվա ընթացքում անձը նվազագույնը կարող է տնկել 200 կտրոն, այսինքն՝ ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան օրական աշխատել 10 000 դրամ»,-շեշտեց նա:

15-րդ միջոցառումը կիրականացվի Հայաստանի վեց մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում, Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում: Ծրագիրը կիրականացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջոցով:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես մարդիկ կկարողանան ներգրավվել աշխատանքներին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ վերոնշյալ կազմակերպությունները այդ մասին հայտարարություն կտարածեն այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում գտնվում են գետերը: Նա շեշտեց, որ խոսքը հավանաբար 1000 աշխատակցի մասին է, որոնք կաշխատեն 10 կամ 15 օր:

Խոսելով կատարվելիք աշխատանքի այլ առավելությունների մասին՝ Մելիքյանը շեշտեց, որ նախաձեռնության իրականացման շնորհիվ հետագայում կունենանք կենսավառելիքի արտադրության համար հումք, որովհետև ուռենին աշխարհում ամենատարածված հումքերից է: «Կենսավառելիքի շուկայի զարգացումը մեր առաջնահերթություններից է»,-եզրափակեց փոխնախարարը:

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։

Ծառատնկման գործընթացին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում