Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախյան ազատամարտով վերսկսված պահանջատիրությունը հայ ժողովրդի հաղթական առաջընթացի ճամփան է

Արցախյան ազատամարտով վերսկսված պահանջատիրությունը հայ ժողովրդի 
հաղթական առաջընթացի ճամփան է

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ն է։ Կրկին սեղմվել ենք մեկ ամբողջի մեջ, կրկին թարմացել են հայ ժողովրդի հիշողությունները, կրկին հետադարձ հայացք ենք ձգում հարյուրամյակի հեռավորության իրադարձություններին, կրկին կանգնած ենք մարդկության մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչման եւ դատապարտման չլուծված խնդրի դեմ, կրկին մեր առաջ պատասխան պահանջող հարցեր են հառնում, որոնք դեռ մնում են մեր օրակարգում։ Մեր մեղքով չէ, որ Հայոց ցեղասպանության հարցը մեր ժողովրդի եւ առաջադեմ մարդկության քննասեղանին է դեռ։ Դրա մեղավորը, ինչպես 105 տարի առաջ, այնպես էլ այսօր, Թուրքիայի քաղաքական էլիտան է՝ որդեգրած վայրենու իր անփոփոխ սկզբունքներով։ Բայց առաջադեմ մարդկությունը քայլ առ քայլ առաջ է գնում՝ ստիպելով Թուրքիային առարկայական հայացքով նայել սեփական պատմության սեւ էջերին։ 2019 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ն 33-րդ պետությունը դարձավ, որն ընդունեց եւ դատապարտեց 20-րդ դարի առաջին համամարդկային ոճրագործությունը։ Չարժանանալով աշխարհի համարժեք գնահատականին՝ Հայոց եղեռնին հաջորդեցին դարի նոր ցեղասպանությունները։

Այսօր միջազգային հանրության արձագանքը մեծապես կախված է Հայաստանի եւ բարեկամ պետությունների վարած ակտիվ ու վճռական քաղաքականությունից։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ցավոք, եղել է ժամանակաշրջան, երբ հենց մեր միջից հարց հնչեց, թե արդյոք նպատակահարմար է ցեղասպանության հարցը օրակարգում պահելը՝ «Հետ նայելով՝ առաջ չես գնա» կարգախոսի ներքո։ Այն նորանկախ Հայաստանի առաջին դժվարին տարիներն էին, երբ պետության եւ տնտեսության կայացման խնդիր կար։ Այդ հարցն արագ դուրս եկավ հրապարակային խոսքից, ինչն անխուսափելի էր։

Իսկ վերջին տարիներին Սիրիայում Թուրքիայի գործողությունները փաստեցին, որ ապրիլի 24-ն անցյալ չէ եւ, ցավոք, մոտ ապագայում էլ անցյալ չի դառնա։

Արաբական բարեկամ երկրում ծավալվող իրադարձությունների ֆոնին, երբ թիրախավորվում էին տեղի Հայոց ցեղասպանության հիշատակի կոթողները եւ հայկական ներկայությունը, ծանր լռություն է տիրում այն տեսակետի ջատագովների մոտ, ովքեր համոզված էին, որ ցեղասպանության հարցը օրակարգի առաջին կետում պահելը պահպանողական մոտեցում է միջազգային հարաբերություններում։ Թուրքիայի վարքագիծը փաստեց, որ Հայոց ցեղասպանությունն դեռեւս անցյալ չէ, եւ մեր ժողովուրդն էլ ամեն տարի ապրիլին անցյալ չի վերադառնում, այլ մարդկության ապագայի համար է կռիվ տալիս։

Ճակատագրի հեգնանքով՝ պատմության բոլոր դարաշրջաններում, երբ մենք առաջնորդվել ենք մարդկության առաջադեմ արժեքներով, մեր ոչ բարեկամ հարեւանները մեզ պատասխանել են նախնադարյան մահակներով ու սվիններով։ Այն արվել է քրիստոնեական Հայաստանի պատմության ողջ ընթացքում, այն արվեց 20-րդ դարի սկզբին՝ Արեւմտյան Հայաստանում, այն արվեց Բաքվում ու Արցախում։ Հետեւաբար, պահանջատիրությունը եւ պայքարը միշտ էլ օրակարգում կլինեն եւ զգոն կպահեն մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հարեւանների համար ընկալելի չէ մարդկության առաջադեմ արժեքային համակարգը։

Իսկ այսօր Եվրոպական միություն ձգտող Թուրքիան իր մանկապարտեզներում ու դպրոցներում սերունդներին սովորեցնում է, որ 2015 թ. հայերն են կոտորել թուրքերին, բանակում ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում դնում է կրոնի ռադիկալ դրույթները, ցեղասպանության շուրջ մեզ հետ խոսում է «Գորշ գայլեր», «Թալեաթ փաշայի շարժում» արմատական կազմավորումների միջոցով, կազմակերպվում են «Հայոց ցեղասպանության սուտ՝ ըստ հայկական փաստաթղթերի» խորագրով միջոցառումներ։

Եվրոպական երկրների միավորումը ոչ միայն իրավական, տնտեսական հարթության վրա է ընթանում, այլեւ՝ բարոյական, մարդկության պատմության ընթացքում ձեւավորված եւ ուրվագծված առաջադեմ արժեքային համակարգի։ Առաջնային կարեւորություն ունի այն, թե ընդհանուր հարկի տակ մտնող պետությունը ինչքանով է համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, այսինքն՝ ինչքանով է նա պատրաստ ընդունել սեփական խնդիրները, դրանք բաց եւ հրապարակային քննարկել ու պատասխանատվություն ստանձնել։ Այս չափանիշներին չհամապատասխանող պետություններով նոր աշխարհակարգի կառուցումը դատապարտված է փլուզման՝ շատ ավելի աղետալի հետեւանքներով։ Հետեւաբար՝ անվտանգ ապագա ունենալու համար, մարդկության անցյալի արժեւորումը եւ գնահատումը հրամայական են։

Իսկ հայ ժողովուրդը մնալու է պահանջատեր։ Մեր պայքարի հերթական փուլը մեկնարկել է ազգային վերածննդի տարիներին՝ Արցախյան ազատամարտի փառահեղ հաղթանակով։ Այս գոյամարտի փայլուն ելքը փաստեց, որ հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, դասեր քաղել է 1915 թվականից եւ այսօր կերտում է իր հազարամյա պատմության հերթական ոսկե էջը։ Հետեւաբար, ցեղասպանության հարցի արծարծումը վախի մթնոլորտի, թույլի ու հալածյալի հոգեբանության քարոզ չէ։ Այն Արցախով մեկնարկած մեր ժողովրդի հաղթական ընթացքն է, մեր անմեղ զոհերի սուրբ արյան կանչը։ Այս ճանապարհին մեր կողքին է նաեւ քաղաքակիրթ աշխարհը։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am