Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջանջուղազյանն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը

Ջանջուղազյանն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է դասակարգվել ցածր արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների շարքին, սակայն  ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Առաջարկված սցենարով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում: Այդ 324 մլրդ դրամի պակասուրդի ֆինանսավորման համար մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մեր գործընկերներից, Համաշխարհային բանկից և մեր մնացած բոլոր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկային պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պարտքի ներգրավումը որպես տարբերակ դիտարկում ենք:  Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը՝ թե բացարձակ, թե հարաբերական իմաստով»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա շեշտեց՝ ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում հենց այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնել՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին: Այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է սցենարը:

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ձևակերպմանը՝ Ջանջուղազյանն ասաց՝ առաջարկվում է, որ կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեքորեն արձագանքելու համար ծագող իրավիճակներին՝ այդուհանդերձ ունենալով որոշակի սահմանափակում: «Այդ սահմանափակումը տվյալ դեպքում պետական բյուջեի դեֆիցիտի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը»,-ասաց նա:

Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am