Ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները կվերահսկվեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է կառավարությունը։
Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Ջրային օրենսգրքով նախատեսված է, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ է լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէ, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեն այդ սարքավորումները, և ինչպես պետք է իրականացվի գործընթացը: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետ վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխա՞ն են իրականացվում, թե ոչ:
«ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 105 «կողմ» ձայնով։
Նորայր Շողիկյան