Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Ընթանում է միջտեսակային անհաշտ պայքար մարդու եւ վիրուսի միջեւ

Ընթանում է միջտեսակային անհաշտ պայքար մարդու եւ վիրուսի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս անհաշտ պայքար է ընթանում մարդ տեսակի եւ վիրուսների միջեւ՝ խախտելով նախկինում ձեռք բերված «զինադադարը»։ Կորոնավիրուսի համավարակը լրջագույն մարտահրավեր է դարձել աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի համար։ Թերեւս, հետագայում արմատական վերափոխումներ իրականացնելու խնդիր դրվի։ Այս թեմայով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։

–Կորոնավիրուսային համավարակը աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց։ Որտեղի՞ց այսքան անհանգստություն եւ աղմուկ։

–Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենամեծ ոտնձգությունն է մարդ տեսակի նկատմամբ, այն էլ՝ այսպես գլոբալ, հանկարծակի եւ նախահարձակ։ Գլխավոր թիրախն աշխարհի ուժեղներն են։ Մարդիկ հասկացան, որ առոչինչ են իրենց դիրքը, փառքը, հարստությունը, տիտղոսները, անգամ զենքը, որի վրա տարեկան երկու տրիլիոն դոլար գումար է ծախսվում։ Համավարակը ցնցեց մարդկությանը՝ ի չիք դարձնելով այս կամ այն երկրների, սոցիալական խմբերի, ֆինանսական բուրգերի ու մագնատների, հայտնիների ու անհայտների կարծեցյալ առավելությունները։ Մարդն ի վերջո հասկացավ, որ կարող է դուրս մնալ ամենափրկիչ Նոյան Տապանից։ Առողջությունը վերահաստատվեց որպես բարձրագույն արժեք։

–Կորոնավիրուսի համաճարակը լրջագույն մարտահրավեր էր երկրների առողջապահական համակարգերի համար։ Ինչպիսի՞ բացեր ի հայտ եկան տարբեր երկրների այդ համակարգերում։

–Վերջին հարյուրամյակում աշխարհում հիվանդացության կառուցվածքը փոփոխվել է։ Եթե մինչ այդ գերակշռում էին վարակիչ հիվանդությունները եւ դրանցով պայմանավորված մահերը, ապա վերջին կես դարում բռնկվեց ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակ։ 1938—ին առաջին հակաբիոտիկի ստեղծումը եւ 1943-ին դրա զանգվածային օգտագործումը բեկեցին մարդկության զարգացման ընթացքը՝ փրկելով միլիոնավոր մարդկային կյանքեր։ Բժշկագիտությունն ու հարակից գիտությունները լծվեցին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործին, որին մեծ թափ հաղորդեցին կանխարգելիչ պատվաստումների հաջողությունները, եւ մարդկությունը հայտնվեց ապահովության թմբիրի մեջ։ Հետպատերազմյան տարիներին ինֆեկցիաների լոկալ բռնկումներ պարբերաբար լինում էին, հիմնականում զարգացող երկրներում։ Առաջին լուրջ մարտահրավերը 1980-ին ՄԻԱՎ-ի ագրեսիան էր մարդու դեմ, բայց իր փոխանցման ուղիների սահմանափակվածության պատճառով չկրեց համաճարակային բնույթ։ 2019—ի դեկտեմբերին սկսված համավարակը ցնցեց աշխարհը։ Ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ավելացավ եւս մեկը։ Մարդկությունը հայտնվեց նախադեպը չունեցող աղետի ճիրաններում, երբ անգամ հարուստ երկրներն ու բազմափորձ կառավարությունները խուճապահար եղան։ Տարբեր երկրների առողջապահական համակարգերը կանգնեցին կոլապսի առաջ՝ չկարողանալով դիմանալ հիվանդների հոսքին՝ ո՛չ որակապես, ո՛չ քանակապես։ Մարդկությունը զվարճանքների եւ խաղային ինդուստրիայից սկսեց անցում կատարել դեպի առողջության ինդուստրիա։ Պարզ դարձավ, որ բուն առողջապահության մեջ արմատական վերափոխումների եւ վերադասավորումների կարիք կա։ Կան տնտեսության, այդ թվում եւ առողջապահության ճյուղեր, որոնք ինքնազարգացման մեծ ներուժ ունեն իրենց եկամտաբերության շնորհիվ։ Բայց կան նաեւ այնպիսիները, որոնք պետք է գտնվեն պետության հոգածության ներքո, քանի որ չունեն ինքնածախսածածկման եւ ինքնազարգացման բավարար հնարավորություններ։ Բոլոր երկրներն ունեն պաշտպանական դոկտրինաներ, բայց քչերն ունեն առողջության դոկտրինա։

–Իսկ ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում։

–Ասվածը վերաբերում է նաեւ մեր երկրին. Հայաստանում կան տասնյակ սրտաբանական, գինեկոլոգիական, ակնաբուժական, վիրաբուժական ստացիոնարներ, եւ միայն երկու ինֆեկցիոն հիվանդանոց։ Երիտասարդ շրջանավարտներն անգամ չեն ընտրում վարակաբանի, ֆտիզիատորի (տուբերկուլոզի մասնագետ.- «ՀՀ») մասնագիտությունները, իսկ պոլիկլինիկաներում նույնիսկ վերացել են այդ հաստիքները։ Առողջապահական համակարգը սակայն չի կարող միայնակ՝ ապավինելով միայն սեփական ուժերին, լուծել առողջ հասարակության խնդիրը։ Այն բազմաբաղադրիչ ու բարդ համակարգ է։ Անհրաժեշտ է, որ ամբողջ պետական ապարատն ու հասարակությունը դիտարկեն առողջությունը որպես գլխավոր եւ ընդհանուր նպատակ։ Այսօր Հայաստանի առողջապահական համակարգում «դիրիժորություն» են անում ապահովագրական ընկերությունները՝ բացառապես սեփական շահերից ելնելով, ինչն անթույլատրելի է եւ վտանգավոր հետեւանքներով լի։

–Հետագայում նմանատիպ համաճարակների կրկնման ի՞նչ հավանականություն կա։

–Արդի աշխարհում մարդը հարաբերվում է կենդանական աշխարհի հետ բոլոր հնարավոր մակարդակներում՝ սննդայինից մինչեւ համատեղ համակեցություն, ինչը մեծացնում է նաեւ վարակի փոխանցման ռիսկերը։ Վերջին տարիների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ի հայտ են գալիս կենդանիներից փոխանցվող մարդու համար վտանգավոր նորանոր հիվանդություններ, եւ այդ թիվը գնալով մեծանում է։ Մեծանում է նաեւ դրանց հաճախականությունը։ Եթե այդ ամենին գումարենք գլոբալ էկոլոգիայի եւ սննդի որակի վերահսկողության վիճակը եւ առանց սահմանների աշխարհի փաստը, երբ հեռավոր Ինդոնեզիայում մարդու ցանկացած արկածախնդրություն կարող է վատ անդրադառնալ Հայաստանի կամ Կանադայի բնակչի վրա՝ ապա պատկերը կամբողջանա։

–Ինչ եք կարծում, առողջապահական համակարգը, արդյոք, բավարա՞ր ուշադրության կենտրոնում է։

–Չնայած քաղաքակրթության եւ գիտության աննախընթաց զարգացմանը, կյանքի տեւողության ավելացմանը, մարդկանց բարեկեցության աճին, ցավոք, հիվանդությունների եւ հիվանդների թիվն ամբողջ աշխարհում սրնթաց աճում է։ Դա նաեւ հետեւանք է առողջապահության նկատմամբ անբավարար ուշադրության։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ առողջությունը պետք է դիտվի որպես հասարակության բարգավաճման եւ բարեկեցության գլխավոր գերակայություն։ Առողջությունը դառնում է գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշ, որպես բիզնեսի հաջողության եւ գլոբալ բարեկեցության գլխավոր նախապայման։

–Ի՞նչ անել, ի՞նչ լուծումներ եք տեսնում։

–Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ռազմավարական ծրագիր եւ առողջության դոկտրինա։ Թվարկեմ մի քանի կարեւոր կետեր, որոնք իհարկե կարելի է լրացնել եւ ամբողջացնել։ Այսպես՝ ստեղծել արագ եւ օպերատիվ գործող առողջապահական համակարգ, ունենալ գործող մասնագիտական անձնակազմ եւ կադրային ռեզերվ, մեծացնել հասարակական առողջապահության եւ առողջապահության կազմակերպման դերը, ներդնել առողջության սկրինինգների հստակ համակարգ, ունենալ վարակիչ հիվանդների բուժման, մեկուսացման եւ վարքագծի կանոնակարգ։ Միաժամանակ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել հիվանդությունների վիճակագրական եւ վերլուծական բազա, անհրաժեշտության դեպքում ունենալ երկիրը տոտալ արգելափակելու մեխանիզմ, ինչպես նաեւ գիտելիքահեն եւ իրազեկված հասարակություն։

Զրուցեց՝ Լուսինե ՄԽիթարյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ