Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել

Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված 
հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 9-ին անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, մեդիաոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հեռավար քննարկումը նախաձեռնել եւ վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ այս դժվարին իրավիճակում  երեխաներին կրթելու  ջանքերի համար: Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է կրթություն ոլորտում հեռավար ուսուցումը՝ նշելով, որ այսօր դեռեւս չկան դրա արդյունավետության գնահատման մեխանիզմներ:

Ողջունելով մասնակցիներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նոր ձեւաչափով անցկացվող քննարկմանը մասնակցելու համար:

Անդրադառնալով հեռավար կրթության իրականացմանը՝ նա եւս երախտիքի խոսքեր  է հղել ուսուցիչներին, որոնք արտակարգ դրության պայմաններում շարունակում են կատարել իրենց առաքելությունը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո անհրաժեշտություն առաջացավ ապահովել կրթության, մասնավորապես՝ հանրակրթության շարունակականությունը, ինչին այնքան էլ պատրաստ չէր հայաստանյան կրթական համակարգը: Հետեւաբար, ըստ նրա, այսօր օրակարգային է համակարգային լուծումներ տալ հեռավար կրթությանը, մասնավորապես դիտարկելու վերլուծել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:

Ըստ նրա՝ այսօր  անհրաժեշտ է գտնել երկու հարցի պատասխան, որոնք են հեռավար կրթություն կազմակերպելու գործում խնդիրները, եւ ինչպես է հնարավոր սեղմ ժամկետում գտնել դրանց լուծումները: Անհրաժեշտ է նաեւ գտնել երկրորդ հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու  արտակարգ դրության ավարտից հետո հեռավար կրթության դերն ու նշանակությունը մասնավորապես ավագ դպրոցների աշակերտների կյանքում: Ըստ նրա՝ այս հարցերը կարեւոր են, քանի որ հետագայում եւս՝ Covid-19 համավարակի հաղթահարումից հետո, որոշ չափով կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձեւաչափը:

Քննարկվող հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  Ըստ նրա՝ հեռավար ուսուցման փորձեր մինչ այս իրավիճակն արվելեն, սակայն ստեղծված հանգամանքները ստիպել են, որ միանգամից անցում կատարվի հեռավար կրթության ձեւաչափին: Նշվել է, որ նախարարությունն ուսումնասիրում է այլ երկրների փորձն ու ուղեցույցները, համագործակցում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ արդյունավետորեն իրականացնելու հեռավար կրթությունը: Նա նշել է, որ այսօր կարիք կա տեխնիկական սարքերի եւ ինտերնետային կապի, որոնց ձեռքբերելու նպատակով  քննարկումներ են անցկացվում:

Նախարարությունը նախաձեռնել է նաեւ ուսուցիչների մեթոդական աջակցության դասընթացներ,  գործում են նախարարության թեժ գիծն ու համակարգչային սպասարկման թեժ գիծը:

Նախարարությունը տվյալներ է ստանում, որ տեսադասերին հետեւում են ոչ միայն աշակերտները, այլեւ շատ այլ քաղաքացիներ, ինչը դրական միտում է:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն անդրադարձել է ուսուցիչների եւ ծնողների հարցերին՝ նշելով, որ ԿՏԱԿ-ը տարիներ առաջ փորձնական ծրագիր էր սկսել  մի շարք գյուղերում, որտեղ չկային որոշ առարկաների ուսուցիչներ:

Նա մանկավարժներին խորհուրդ է տվել դասապրոցեսը կազմակերպել շաբաթական կտրվածքով՝  օգտագործելով նաեւ հեռախոսակապը:  Ըստ նրա՝ նշված մեթոդը նպատակահարմար է մի շարք տեսանկյուններից: Բանախոսը հայտնել է, որ հանրապետության 38 հազար ուսուցչից 32 հազարն այսօր ներգրավված է հեռավար կրթության գործընթացում, 390 հազար աշակերտից հեռավար դասերի մասնակցում է 354 հազարը:

Նա պարզաբանել է, որ ուսուցիչները կարող են անցկացնել թեմատիկ գրավոր աշխատանքներ եւ գնահատել աշակերտներին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոսել է ներառական կրթության կարիք ունեցող երեխաների խնդիրներից՝ նշելով, որ նրանցից շատերը դուրս են մնում կրթական գործընթացից: Պատգամավորը նաեւ նկատել է, որ հեռավար կրթության գործընթացում ոչ բոլոր ուսուցիչներն են ներգրավված:

Թիվ 198 ավագ  դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկմամբ՝ շատ  ուսուցիչներ, ինչպես նաեւ աշակերտներ չեն կարողանում համացանցում իրականացնել դասապրոցեսը, եւ դրա պատճառներց մեկը  դպրոցներում համակարգիչների սակավությունն է: Ըստ նրա՝ մտացածին եւ թյուր է այն կարծիքը, թե երեխաները լավ են տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին, թե նրանք մեդիագրագետ են: Հեռավար ուսուցման համար, ըստ նրա, արդյունավետ չեն ոչ ZOOM-ը, ոչ էլ օգտագործվող մյուս հավելվածները:

Քննարկման որոշ մասնակիցների դիտարկմամբ՝ կրթության ոլորտում չկան ռիսկերի կառավարման արդյունավետ ռեսուրսներ, իսկ համավարակով պայմանավորված ճգնաժամն էլ  ցույց տվեց համակարգի խեղճությունը:  Ըստ որոշ գնահատականների՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարելի համարել հեռավար կրթության իրականացում, դա ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում է, ինչը եւս հասանելի չէ բոլորին: Խնդրահարույց է նաեւ անձնական տվյալների տրամադրումը ինտերնետային հավելվածներին, ինչը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել քաղաքացիներին: Ծնող, մաթեմատիկոս Էմմա Կիրակոսյանն անդրադարձել է ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ գնահատական դնելը պետք է պարտադիր չլինի այս օրերին, երբ չկա հեռավար կրթութան անհրաժեշտ գործիքակազմ: Այս իրավիճակում հանրությանը պետք էր տալ հոգեբանական աջակցություն, այլ ոչ թե ենթարկել ճնշումների, նկատել է նա:

Քննարկման այլ մասնակիցներ անդրադարձել են ժամանակին համահունչ քայլելու կարեւորությանը, անհրաժեշտ համարել հեռավար կրթություն իրականացնելու համար պետական քաղաքականություն մշակելու հրատապությունն ու ոլորտը  հիմնովին վերանայելը: Ըստ բանախոսների՝ անհրաժեշտ է ուսուցիչներին ուղղորդել ճիշտ եւ արդյունավետ դասավանդման մեթոդաբանությամբ, նրանց, ինչպես նաեւ աշակերտներին զինել մեդիագրագիտության գիտելիքներով:

Բանախոսներից շատերի կարծիքով՝  աշխարհն այսօր  փոխվում է, բազմաթիվ ընկերություններում աշխատանքը դառնում է հեռավար, եւ պետք է պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին:

Ափոփիչ խոսքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է  բարձրացված հարցերին՝ նշելով, որ հեռավար ուսուցումը դրանք առավել տեսանելի է դարձրել: Նա արդյունավետ  է գնահատել քննարկման անցկացումը, եւ նշել, որ նախարարությունն անդրադառնալու է բարձրացված հարցերին:

ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ամփոփելով քննարկումները՝ այն որակել է օգտակար եւ կառուցողական: Նա վստահեցրել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու: Հանձնաժողովի նախագահը նույնպես անդրադարձել է բարձրացված հարցերին եւ համաձայնել, որ ոլորտում շատ անելիքներ կան. մասնավորապես, անհրաժեշտ է վերանայել դասավանդման մեթոդաբանությունը, քչացնել տնային աշխատանքները, ավելացնել ուսուցիչների եւ աշակերտների մեդիագրագիտությունը եւ այլն: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարեւոր է, թե ինչ է արվելու այս իրավիճակից պատվով դուրս գալու համար, ըստ նրա՝ այս  իրավիճակը պետք է դիտարկել որպես հնարավորություն: Նա առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը, եւ գործադիր մարմնին հնարավորություն տալ առավել արդյունավետորեն իրականացնել իր առաքելությունը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ