Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Հայկական թխվածքը հայտնվել է չեխական ազգային բրենդերի շարքում

Հայկական թխվածքը հայտնվել է չեխական ազգային բրենդերի շարքում

ՊՐԱՀԱ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՕՐԵՐ։ Այս  դժնդակ օրերին, երբ  ողջ աշխարհը զբաղված է կորունավիրուսի (թագավարակի)   շարունակվող մահաբեր արշավի չեզոքացմամբ, չեխական մամուլը փորձում է ամենօրյա հրատապ թեմաներից զատ չեխերի մեջ լավատեսություն եւ հպարտություն սերմանել։

Չեխական հեղինակավոր «ՄՖ Դնես» օրաթերթի հինգշաբթի օրերը հրատարակվող «Մագազին»  հանդեսում ներկայացվել են չեխական չորս հռչակավոր ապրանքատեսակները։ 

«Գաղտնիքների պահապանները»  խորագրի ներքո ներկայացվել են Չեխիայի ամենահայտնի բրենդ համարվող չորս ապրանքատեսակները՝ «Բեխերովկա» լիկյորը, «Պիլզներ Ուրքուել» գարեջուրը, «Ֆերնետ Սթոկ» լիկյորը եւ «Մառլենկա» թխվածքը։  Հոդվածաշարի հեղինակ Դանիել Պացեկը ներկայացրել է, թե չեխական ամենահայտնի ապրանքների արտադրության հետ կապված գաղտնիքները ինչպես են պահպանվում։

«Մեղրային սիրավեպ» հոդվածում գրվել է «Մառլենկա» թխվածքի արտադրության պատմությունը։ Ներկայացնելով «Մառլենկա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ավետիսյանի անցած ճանապարհը,թե  ինչպես է  նա 1994 թվականին Հայաստանից եկել եւ հաստատվել Չեխական Օստրավա, ապա Ֆրիդեկ Միստեկ քաղաքում,նախ գարեջրատուն է աշխատացրել, ապա կարողացել է մեղրով տորթի այնպիսի արտադրություն հիմնել, որն այսօր ունի 300 աշխատակից։ Մեկ տորթի  պատրաստումով սկսված արտադրությունն այսօր դարձել է համաշխարհային բրենդ եւ տարածվում է  52 երկրներում իբրեւ չեխական արտադրանք։

Այժմ մեկ միլիարդ կրոն արժողությամբ գործարանում արտադրվում է 2,5 միլիոն մեղրով տորթ եւ  ութ միլիոն այլ թխվածքատեսակներ։ Յուրահատուկ բաղադրատոմսով, առանց  արհեստական հավելումների պատրաստվող «Մառլենկա» թխվածքը կարող է 90 օր պահպանվել 24  ջերմաստիճանի պայմաններում եւ թարմ մնալ։ Թխվածքի բաղադրատոմսի գաղտնիքը հայտնի է միայն Գեւորգ Ավետիսյանի քրոջը եւ գործարանի մի վստահելի աշխատակցի։ Մառելնկայի ընտանեկան բաղադրատոմսը պահպանվում է ընկերության չհրկիզվող պահարանում, որի բանալին միայն հիմնադիր Գ. Ավետիսյանի մոտ է։  Թղթակցի հետ զրույցում  Գեւորգ Ավետիսյանը նշել է. «Ինձ համար Չեխիայի Հանրապետությունը սուրբ հողի պես տեղ է, դարձել է իմ տունը, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մեր տորթերով աշխարհում ներկայացնել Չեխիան»։

Ուրախալի է, որ չեխերի համար նույնպես «Մառլենկան» դարձել է հպարտության խորհրդանիշ եւ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում այն համարվում է ոչ  միայն չեխական, այլեւ համաշխարհային  ապրանքանիշ, որն արտադրված է Չեխիայում։

 Հակոբ Ասատրյան  

Օրեր

Պրահա





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ