ԿԳՄՍ նախարարությունը աջակցություն է տրամադրելու տարեց և միայնակ արվեստագետներին
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր՝ չմոռանալով նաև տարեցների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ ճգնաժամային իրավիճակում պատրաստում են տարեց և միայնակ ստեղծագործողների ցանկը՝ նրանց աջակցելու նպատակով:
«Արդեն իսկ ձևավորել ենք կամավորների խմբեր: ՀՀ առողջապահության նախարարությունը մեզ է տրամադրել համապատասխան բժշկական պարագաներ, որոնք կանխարգելում են ցանկացած վարակի փոխանցումը: Մեր կամավորներն այցելում են ավագ սերնդի վաստակաշատ, պատկառելի արվեստագետներին և աջակցում են՝ դեղերի ձեռք բերումից սկսած մինչև կենցաղային անհրաժեշտ պարագաներ տրամադրելով:
Այժմ բանակցում ենք նաև հովանավորների հետ, որպեսզի այս աջակցությունը նաև այլ ձևաչափ ստանա»,-ընդգծեց փոխնախարարը:
Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում