Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ սակրավորները տարածքներ են ականազերծում նաև Հալեպում. ականային վտանգի իրազեկման միջազգային օրն է

Հայ սակրավորները տարածքներ են ականազերծում նաև Հալեպում. ականային վտանգի 
իրազեկման միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանում իր գործունեությունից ի վեր ականազերծել և կիրարկման է հանձնել մի շարք բնակավայրեր: 2019 թվականից կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջից:

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:

Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ և նրանց կյանքն ամեն րոպե վտանգված է: Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական մարմինը Պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում ցուցաբերում է ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին աջակցություն:

«Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրն ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն միայն 2019 թ.-ին, և վերջնականապես կիրարկման է հանձնվել: Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից 40.400քմ՝ 2019թ.-ին: 2020 թվականին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն»,-տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:

2019 թվականի փետրվար 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ականազերծում է տարածքներ և բուժօգություն է ցուցաբերում բազմաթիվ տուժածների: Այս ընթացքում հայ սակրավորները ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման են հանձնել 2 տարածք՝ 91000 քմ: Այս պահին աշխատանքները շարունակվում են: «Ընդհանուր առմամբ մինչև այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք և հայտնաբերվել է մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ: Իսկ մեր վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միարժամանակ, Հալեպի բուժ հաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: «Մենք ձեզ հետ ենք», «Մի բուռ ժպիտ» խորագրերով կազմակերպված մարդասիրական ակցիանների շնորհիվ հավաքված նվերները հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝ տեղի սիրիացի մանուկներին»,-տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մշտապես հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am