Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». Ռ. Շարմայի գիրքը դարձյալ առաջին տեղում է. փաստավավերագրական, փետրվար, 2020

«Երևանյան բեսթսելեր». Ռ. Շարմայի գիրքը դարձյալ առաջին տեղում է. 
փաստավավերագրական, փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալները՝ ըստ փետրվարի վաճառքների:

Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 40 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երկրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևացնել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երրորդ հորիզոնականում է նույն հեղինակի՝ Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը: Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» չորրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Հինգերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որը 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այն թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» յոթերորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:

Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը. NIKE-ը ստեղծողի հուշագրությունը» ութերորդ տեղում է: «Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չի կարողացել անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը իններորդ տեղում է: 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Նշանավոր շանսոնյեն պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։

Տասներորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրա ներկայացուցիչներն ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, ուսանող… Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա սեփական բիզնեսը զարգացնելու100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք:

   «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 667
2 *

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 319
3 նոր

Մարկ Մենսոն

«Թքել ենք բոլորս»

Newmag 240
4 +1

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 193
5 +1

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 148
6 -3 Շառլ Ազնավուր «Կյանքից կառչած» Newmag 115
7 * Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը» Էդիթ Պրինտ 114
8 նոր Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը. NIKE-ը ստեղծողի հուշագրությունը» Էդիթ Պրինտ 100
9 -7 Շառլ Ազնավուր «Մեղմ շշուկով» Newmag 98
10 * Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» Էդիթ Պրինտ 72

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am