Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է. ՀՀ նախագահի ուղերձը

Ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է. ՀՀ 
նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու: Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ հղած ուղերձում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու:

Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Արցախը և արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ և անկախ հայրենիք կառուցելու և զարգացնելու իրենց հաստատակամությունը:

Շնորհավորում և արդյունավետ գործունեություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձևավորեն Արցախի Ազգային ժողովն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն։

Շնորհավորում եմ նաև այն քաղաքական ուժերին, որոնք թեև չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում: Միասնականությունը և համախմբվածությունը բոլորիս հաջողության գրավականն են լինելու առաջիկա տարիների ընթացքում:

Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձևավորի առողջ քաղաքական և աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին:

Շնորհավորում եմ նաև նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին: Համոզված եմ, որ նրանք նույնպես իրենց ողջ ներուժը և կարողությունները կներդնեն ի նպաստ Արցախի զարգացման:

Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը և կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին:

Ներկայիս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են: Վճռական և հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն և խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին և ամբողջ հայությանը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am