Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմությունն ու իշխանությունն անհամաձայնություն ունեն զանգերը ֆիքսելու մեխանիզմի վերաբերյալ

Ընդդիմությունն ու իշխանությունն անհամաձայնություն ունեն զանգերը ֆիքսելու 
մեխանիզմի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցութան պատգամավորները վստահ են՝ կառավարության կողմից առաջարկված զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա շատ կարճ ժամանակում բացահայտել կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին ու փրկել կյանքեր: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ է այս գործիքի կիրառմանը՝ նշելով, որ դա կառավարության ձեռքին նոր վերահսկող գործիք է ընդամենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորները նման տեսակետներ հայտնեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:
«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը կարծիք հայտնեց. «Սա կյանքեր փրկելու անվան տակ ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»:
«Իմ քայլը»-ից Տաթևիկ Հայրապետյանը հակադարձեց՝ եթե այս կառավարությունը կամ իշխանությունը որևէ վերահսկողություն մտցնելու խնդիր ունենային, շատ շուտվանից արած կլինեին: Նա վստահեցրեց՝ սա այն իշխանությունն է, որ ապահովում է քաղաքացիների լիակատար ազատությունները: «Մենք գործում ենք արտակարգ ռեժիմում, բախվել ենք մի իրավիճակի հետ, որը համաշխարհային ճգնաժամի է բերում, և այս իրավիաճակը, որը կանգնեցնում է ամոբղջ մոլորակը, ինքին արտակարգ է և արտասովոր, բնականաբար այն բոլոր օրենքները, որոնց մենք սովոր ենք և որոնցով ուզում ենք ապրել մեր սովորական կյանքում, այս փուլում պետք է նահանջ ապրեն, քանի որ խոսում ենք մարդկային կյանքերի մասին»,-ասաց Հայրապետյանը:
Նա նշեց՝ իհարկե միայն զանգերով հնարավոր չէ պարզել՝ մարդը շփվել է վարակակրի հետ, թե ոչ, սակայն դրանից հետո արվում է երկրորդ քայլը՝ պարզվում է, թե որ քաղաքացիներն են իրար հետ եղել որոշակի հեռավորության վրա: Եվ համակարգը զանգեր է կատարում այդ քաղաքացիներին՝ կոչ անելով ինքնամեկուսանալ: Հայրապետյանը նկատեց՝ եթե նույնը կառավարությունը նախկինում կաներ 2 օրում, ապա հիմա կանի 10-15 րոպեում: 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծքիով՝ կառավարություններն առիթներ են փնտրում՝ վերահսկելու մարդկանց: «Երբ ասվում էր, թե այս պանդեմիան նոր հնարավորություններ է բացում, այս նոր հնարավորությունը սա է, ես այդպես եմ հասկանում»,-ասաց նա:
Դիմելով իշխանական պատգամավորներին՝ նա հետաքրքրվեց, թե նրանք ինչո՞ւ են մեսինջերներով՝ օրինակ Whatsapp-ով խոսում, արդյոք վախենո՞ւմ են, որ իրենց ԱԱԾ-ն կգաղտնալսի: Մարուքյանը կոչ արեց զբաղվել սոցիալապես մեծ հարվածի տակ գտնվող քաղաքացիների խնդրով: Նա նշեց՝ այդ մարդիկ սոցիալական իմաստով ավելի մեծ վտանգի տակ են, քան կորոնավիրուսի տարածման իմաստով:
«Իմ քայլը»-ից Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ մոտ մեկ ամիս առաջ Հարավային Կորեան կորոնավիրուսով վարակակիրների թվով երկրորդ տեղում էր, ուներ աճի մեջ տեմպ, իսկ այս պահի դրությամբ այդ երկրին հաջողվել է դանդաղեցնել համաճարակի տարածումը: Նրանք վարակակիրների շարժը ֆիքսում են GPS-ի օգնությամբ: Պատգամավորը նկատեց՝ Հարավային Կորեայում իրականացվում են ավելի խիստ միջոցառումներ, քան առաջարկվում է Հայաստանում ներկայացված օրենքով: «Հայաստանում առաջարկվում է դրանից շատ ավելի թեթև կարգավորում, որը կոչված է համաճարակը դադարեցնելուն, կոչված է, որ չունենանք շատ զոհեր, այս կարգավորումը զոհերից խուսափելու մասին է»,-ասաց նա ու ընդդիմության խոսքերը որակեց մանիպուլյացիա: 
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հակադարձեց՝ ինչում է մանիպուլյացիա: «Նրանո՞ւմ, որ ասում ենք, թե օրենքը չի աշխատի: Այո, օրենքը հաստատ չի աշխատի»,-ասաց նա ու նշեց՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը իշխանական պատգամավորներն ըստ էության ընդդիմության հետ համաձայն էին, իսկ այսօր՝ ոչ: 
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am