Արցախ

Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։ «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել է 963 դիտորդ, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոցների 231 ներկայացուցիչ»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներով պայմանավորված՝ առաջին անգամ Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունները լուսաբանելու հնարավորություն չեն ունենա միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Առաջին անգամ է, որ պայմանավորված կորոնավիրուսով, Արցախի Հանրապետությունում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդներ և 40 ԶԼՄ ներկայացուցիչ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին»,– նշեց Սրբուհի Արզումանյանը։

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում