Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել, եթե ճիշտ կազմակերպվի ամեն ինչ․ Թաթուլ Մանասերյան

Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել, եթե ճիշտ կազմակերպվի ամեն ինչ․ Թաթուլ 
Մանասերյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր կորոնավիրուսի հարուցած տնտեսական խնդիրների եւ դրանց հաղթահարման եղանակների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։

–Պարոն Մանասերյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության ջանքերը՝ ուղղված տնտեսության վրա նոր կորոնավիրուսի համավարակի ունեցած բացասական ազդեցության չեզոքացմանը կամ նվազագույնի հասցնելուն։

–Այս իրավիճակում այն քայլերը, որ արվում են, իհարկե, կարեւոր են, դրա հետ մեկտեղ, կարծում եմ, պետք չէ կենտրոնանալ միայն հետեւանքները վերացնելու վրա, կարելի է մի փոքր ավելի պրոակտիվ քայլեր ձեռնարկել երկու ոլորտում էլ։ Այսինքն՝ առողջապահական, կանխարգելիչ, այնպիսի կենսակերպի քարոզչություն, որը հետագայում եւս հեռու կպահի հանրությանը խոցելիությունից։ Երկրորդը՝ տնտեսությունն է, չնայած ցանկացած քաղաքակիրթ երկիր իր վրա կրում է համավարակի ազդեցությունը, բայց Հայաստանի Հանրապետությունը լավ շանսեր ունի շահած դուրս գալու այս իրավիճակից, եթե օգտագործենք այն հնարավորությունը, որը մեզ ընձեռված է։

 

–Վարչապետն էլ այդ մասին խոսեց, կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։

–Պատիվ ունեցել եմ կառավարություն ուղարկելու իմ առաջարկները եւ հույս ունեմ, որ դա հենց հաշվի է առել վարչապետը։ Վերադիրքավորելու հստակ սխեմաներ կան, իհարկե, ամեն ինչի մասին հարցազրույցի ձեւաչափով հնարավոր չէ մանրամասնել, բայց այն, ինչ պատկերացնում եմ, շատ իրատեսական է։ Դա այն է, որ զարգացած երկրներից, որտեղ ձեռնարկություններն արդեն կանգ են առել, վտանգ կա սնանկացման, եւ վաղ թե ուշ նրանք պետք է փորձեն ազատվել իրենց այն գույքից, որն անշարժ է կամ շարժական եւ, միեւնույն է, դրա համար իրենք գույքահարկ են վճարում, այս պայմաններում բարձր տեխնոլոգիաների, ժամանակակից սարքավորումների ձեռք բերումը սիմվոլիկ գներ կունենա, եւ ազատելով դրանց նախկին տերերին իրենց հարկային պարտավորություններից, միեւնույն ժամանակ Հայաստանին հնարավորություն կտան լուծելու կենսականորեն անհրաժեշտ մրցունակության հարցը։

 

–Համաշխարհային տնտեսական համակարգի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում համավարակը։

–Պանդեմիան իր հերթին պարտադրված կանգառ է, եւ եթե նույնիսկ այսօր կամ վաղը վակցինան գտնվի, այդքան հեշտ չի լինելու տնտեսության վրա ազդեցությունը վնասազերծել, եւ դա տեւական ժամանակ կարող է պահանջել։ Դա առաջին ծանր հարվածը հասցնում է զարգացած երկրներին, որոնք ավելի ինտեգրված են համաշխարհային տնտեսությանը՝ մեկ, եւ երկրորդ՝ արժեթղթերի շուկան էր ավելի զարգացած՝ կապիտալի շուկան, իսկ Հայաստանի եւ մի շարք այլ զարգացող երկրների պարագաներում ինտեգրվածության աստիճանը ցածր է։

 

–Մի այլ խնդրի շուրջ զրուցենք. հիմա կարանտինի պայմաններում բազմաթիվ գործարաններ, հիմնարկներ, սպասարկման կետեր, կարծեք թե, դադարեցնում են իրենց գործունեությունը։ Կա՞ լուծում, նախադեպ, թե աշխատողների եկամուտների բեռն ով է կրելու՝ գործատուն, պետությունը, աշխատողը…

–Կարծում եմ, որ այստեղ պետք է լինի պետության կողմից միջամտություն՝ ողջամտության սահմաններում մարդկանց գոյությունը պահպանելու եւ գործատուներին նաեւ աջակցելու համար, այն ոլորտներում, որ հնարավոր է դեռ աշխատանքը շարունակել եւ որտեղ հնարավոր չէ, հարկադիր պարապուրդի համար պետք է, այնուամենայնիվ, նվազագույն նպաստներ տրամադրվեն։ Սա ինքնանպատակ չէ, այդ գումարը մտնում է շրջանառության մեջ եւ մարդկանց գնողունակության հետ կապ ունի, դրանք վերածվում են ապրանքների, ծառայությունների, ինչն իր հերթին ստիպում է, որ դրանք արտադրվեն եւ մատուցվեն սպառողին։ Այսինքն, տնտեսությունը կանգ չառնի։ Գաղտնիքը, իմ համոզմամբ, դրամի շրջապտույտի արագությունն է, եթե դանդաղեց դրամի շրջապտույտը, եւ եթե ամեն օր ասենք, որ հարկերը եկեք չվճարենք, տոկոսադրույքները ընդհանրապես եկեք վերացնենք, դա լավ արդյունքի չի բերելու։ Գոնե նվազագույն մակարդակը պետք է պահպանել, որովհետեւ հակված եմ տնտեսությունը համեմատել մարդու օրգանիզմի հետ, եւ եթե արյան շրջանառությունը դանդաղեց ու կանգ առավ, ինքներդ եք հասկանում՝ դա ինչի նշան է։ Իհարկե, կարող է կենտրոնական բանկը օգտագործել իր գործիքակազմը, որը բավականին բազմազան է, բայց դրանով մենք տնտեսություն չենք կարող պահել։ Պետք է աշխատենք տնտեսության այն օղակների ուղղությամբ, որոնք կարելի է զարգացնել, ասեմ, որ այդպիսի ոլորտները շատ են։ Հայաստանի պարագայում բնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է, այսինքն, այդպիսի վտանգ մեզ չի սպառնում, եթե ճիշտ կազմակերպենք գյուղատնտեսական աշխատանքները, գյուղատնտեսության ոլորտը, ապա անպայման կարող ենք պետություն-մասնավոր հատված եւ նաեւ փորձագիտական հանրություն կապ ստեղծել։ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան լուրջ մասնագետներ, որոնք կարող են օգնել պետությանը մշակելու ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլեր, այլեւ համապարփակ ագրարային քաղաքականություն՝ հստակ թիրախներով։ Եթե դրան հավելենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը պանդեմիան կարող է շրջանցել, որովհետեւ առանձնապես մեծ չեն շփումները, եւ էլի բազմաթիվ ոլորտներ, ես կարծում եմ, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում կարող ենք կանխատեսել, բայց ոչ անկում։ Ես հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, տնտեսական աճ կարող ենք գրանցել, եթե ճիշտ կազմակերպվի ամեն ինչ եւ ինքնակազմակերպվենք։

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ