Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել. Թորոսյանը հորդորում է հետևել կանոններին

Խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել. Թորոսյանը հորդորում է 
հետևել կանոններին
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոլորին հորդորում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խստորեն հետևել նախարարության խորհուրդներին, պարետի հաստատած կանոներին` դեռ անորոշ ժամանակով. խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող դեռ կանխատեսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թորոսյանն այս մասին ասաց ասուլիսում: 
«Միանշանակ է, որ բոլորս պետք է պահպանենք կանոնները` հեռավորության, ձեռքերը լվանալու, ախտահանելու, հիգիենան` փռշտալու, հազալու և մնացած բոլոր կանոները, որ մենք խորհուրդ ենք տալիս: Նաև շփումների քչությունը պետք է ապահովենք` դեռևս ոչ այդքան հասկանալի ժամանակով, քանի խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել: Այսինքն այդ վարքագիծը պետք է որդեգրենք որպես մեր հիմնական վարքագիծ` դեռևս անորոշ ժամանակ մինչև կամ այդ գործողությունների արդյունքում կլինի էպիդեմիայի նահանջ կամ կլինի վակցինա, կամ կլինի ուղղակիորեն բուժող դեղ, որը դեռ չկա»,-ասաց Թորոսյանը:
Նա նշեց` դեղերը դեռ բոլորը փորձարկման փուլում են, դրական ազդեցություն ունեցող դեղեր էլ կան, Հայաստանը ևս ունի այդ դեղերը և օգտագործում է պացիենտների համար: Սակայն նախարարը նկատեց` ասել, թե այս կամ այն դեղը ուղիղ բուժում է այս հիվանդությունը, դեռ չեն կարող: «Հետևաբար թե երեխա, թե մեծ, թե խրոնիկ հիվանդություն ունեցող, թե չունեցող պետք է նույն կանոնները պաշտպանենք` իհարկե առավել պաշտպանելով խոցելի խմբերին»,-ասաց նախարարը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ