ՃՈ-ն հայտնաբերել է 2-ից ավելի անձ տեղափոխող 685 տրանսպորտային միջոց
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09:00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում