Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, կարևորել երկու երկրների ղեկավարությունների միջև ուղիղ երկխոսությունն ու իրավիճակից բխող կարծիքների և մտքերի փոխանակումը:

Նշելով, որ տեղյակ է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև Հայաստանում:

Զրուցակիցները ճգնաժամային այս բարդ իրավիճակում կարևորել են անմիջական և շարունակական համագործակցությունը, երկու երկրների միջև փորձի ու տեղեկատվության փոխանակումը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ էմիրաթական փորձն էական նշանակություն կունենա Հայաստանի համար: Իր հերթին Աբու Դաբիի թագաժառանգը նշել է, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են նաև միմյանց գործնական օժանդակության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև նախագահ Սարգսյանի՝ այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցին և նշել, որ ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են և կատարման ընթացքում:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Համագործակցությունն այդ ոլորտում համարվել է առաջնահերթություններից մեկը և համաձայնություն է ձեռք բերվել ավելի արագացնել Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ գործնական քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որով մասնավորապես ակնկալվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտք Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելու արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը:

Այս ծրագրին նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել էին նաև այս տարվա հունվարին Աբու Դաբիում կայացած իրենց հանդիպմանը՝ հեռանկարային համարելով փոխգործակցությունը թե՛ այս նախաձեռնության շրջանակում և թե՛ ընդհանրապես նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ