Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցիալապես անապահով դպրոցականների հեռավար ուսուցման խնդրին հատուկ ուշադրություն պետք է դարձնել

 Սոցիալապես անապահով դպրոցականների հեռավար ուսուցման խնդրին հատուկ 
ուշադրություն պետք է դարձնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Մարտի 16-ին կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ հանրապետությունում մեկ ամսով դադարեցվել են ուսումնական բոլոր գործընթացները։ Որոշմամբ սահմանված է. «Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջապահական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաեւ ՀՀ գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման»։ Կառավարության ընդունած սահմանափակումները չեն տարածվում միայն ռազմական ուսումնական հաստատությունների վրա։

Որոշմամբ չի արգելվում նաեւ հեռավար ուսուցումը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տված հարցազրույցում հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակում կիրականացվի հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր։ Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «heravar.armedu.am» կայքը, որտեղ զետեղվելու են ուսուցման ծրագրերը, եւ հեռավար կրթության համար իրականացվելու է ուսուցիչների վերապատրաստում։ Նախարարը նաեւ հայտնել էր, որ հեռուստատեսությամբ նույնպես օրական 2 ժամ կտրամադրվի հեռավար ուսուցում իրականացնելուն, ինչպես նաեւ կստեղծվեն դասընթացների առցանց հարթակներ։

Նախարարի հայտարարությունը լայն արձագանք գտավ ոլորտի մասնագետների եւ փորձագետների շրջանում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն առաջնային է համարում պետական կրթական ծրագրի իրականացումը։ Հակառակ դեպքում, ըստ փորձագետի, անհրաժեշտություն է լինելու լրացնելու բաց թողած դասապրոցեսը, որի հետեւանքով կհետաձգվեն քննությունները, եւ կարող են խնդիրներ առաջանալ զորակոչի հետ կապված։ Վերջինս գտնում է, որ հեռուստատեսությամբ հատկացված երկու ժամը բավարար չէ ողջ կրթական ծրագիրն իրականացնելու համար, եւ առաջարկում է Հանրային հեռուստատեսության բովանդակային կառավարումը հանձնել կրթության ոլորտի լիազոր մարմնին, ուսումնական պլանի համաձայն ըստ դասարանների ստեղծել եւ հրապարակել մեկ համազգային դասացուցակ, եւ հեռուստատեսությամբ 12 ժամ իրականացնել դասապրոցես։

Սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների ժամանակ այս տեսակետի վերաբերյալ մասնագետների կարծիքները չեն համընկել։ Նրանց մի մասը նկատել է, որ այդ կերպ հեռավար ուսուցում չի կարող իրականացվել, քանի որ չկա հետադարձ կապ աշակերտների հետ։ Սերոբ Խաչատրյանը նկատել է, որ Հանրային հեռուստատեսությունը միակ հարթակն է, որը հասանելի է հանրապետության ողջ տարածքում՝ նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչ, համապատասխան հեռախոսներ եւ ինտերնետ կապ։

Թերեւս, քննարկման առարկա չէ այն իրողությունը, որ արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության հիմնական միջոցի՝ հեռուստատեսության օգտագործումը միայն ուսումնական պրոցեսների համար չի կարող ընդունելի լինել։ Բայց, մյուս կողմից էլ, միանշանակ ճիշտ են այն կարծիքները, որ հեռուստատեսային երկու ժամը քիչ է դասապրոցեսի թեկուզ 1/4 հատվածն իրականացնելու համար։ Արդյունավետ հեռավար դասապրոցեսի համար անհրաժեշտ է հեռուստատեսային ժամերն ավելացնել եւ համակարգված, ուսման պրոցեսի շարունակական կապն ապահովելով, այն զուգակցել նախարարի ներկայացրած այլ միջոցների՝ համացանցի, հեռարձակվող մասնավոր ընկերությունների եւ հեռախոսային հավելվածների ռեսուրսների հետ։

Հատկանշական է, որ «Հեռավար ուսուցում» հասկացությունը նոր է ներմուծվում ոլորտի իրավական կարգավորման գործիքակազմ։ ԱԺ—ում գտնվող «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում սահմանվում է. «Հեռավար ուսուցումը ուսման համակարգված ձեւ է, որում ուսումնառության գործընթացն իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության այլ ձեւերով»։ Մասնագետների մի մասը գտնում է, որ միայն հեռուստատեսությամբ ուսումնական պրոցեսն իրականացնելու դեպքում չի գործի հեռավար ուսուցման հիմնական բաղադրիչը՝ աշակերտների հետ հետադարձ կապը, որը կնվազեցնի դրա արդյունավետությունը։

Ներկայում խոսքը հեռուստատեսային դասընթացների միջոցով պետության կողմից իրականացվող համակարգային քայլերի մի հատվածի մասին է միայն, իսկ մնացած զգալի ծավալն ապահովվելու է այլ հարթակներով։ Սրան զուգահեռ, շատ ուսումնական հաստատություններ արդեն անցել են հեռավար ուսուցման, որի համար ունեցել են արդեն իսկ ձեւավորած գործիքներ։ Հանրապետության դպրոցների եւ դասարանների մեծ մասն ունի բջջային հավելվածներ կամ համացանցային խմբեր, որոնց հիման վրա նույնպես արդեն սկսել են հեռավար ուսուցման պրոցեսները։ Այստեղ բաց է մնում միայն սոցիալապես անապահով այն ընտանիքների երեխաների հարցը, որոնց համար հասանելի է միայն Հանրային հեռուստատեսությունը։ Վերջիններիս խնդիրը լուծելու համար կարեւոր է այդ խմբի աշակերտների քանակի եւ գտնվելու վայրերի գույքագրումը։ Մյուս կողմից էլ սոցիալապես անապահով խավի դպրոցականների հեռավար ուսուցման հարցը լուծելու համար կրթության ոլորտի լիազոր մարմինը պետք է առավելագույնս օգտագործի հանրային հեռուստատեսությամբ արդեն իսկ մեկնարկած դասաժամերը՝ դրանց տեւողությունը, բովանդակությունն ու ծրագրային ուղղվածությունը համապատասխանեցնելով վերջիններիս ուսումնառության կարիքների բավարարմանը։

Մասնագետների մեծ մասն առաջարկում է հիմնականում օգտագործել «Skyape»—ի, «Viber»—ի եւ «Whats App»—ի հնարավորությունները, քանի որ այս դեպքում կգործի հեռավար ուսուցման հիմնական բաղադրիչը՝ հետադարձ կապը, որը կբարձրացնի դասապրոցեսի արդյունավետությունը։ Այստեղ պետք է նկատել, որ համաճարակով պայմանավորված դեպքերի զարգացման լավագույն սցենարում խոսքը մեկ ամսվա մասին է, եւ թեկուզ ոչ լրիվ համակարգված ու անհրաժեշտ ծավալների հեռավար ուսուցման անցկացումը բավարար արդյունավետություն կապահովի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am