Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կորոնավիրուսի ռիսկի պայմաններում զբոսաշրջությունը պետական աջակցության կարիք ունի. տնտեսագետ

Կորոնավիրուսի ռիսկի պայմաններում զբոսաշրջությունը պետական աջակցության 
կարիք ունի. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը վստահ է`կորոնավիրուսն ուղիղ հարված է հասցնում զբոսաշրջությանը: Այս վնասը մեղմելու համար նա Հայաստանում պետական աջակցության, նոր նախաձեռնությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պարսյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կորոնավիրուսն ուղիղ հարված է հասցնում զբոսաշրջությանը բոլոր երկրներում: Հայաստանում այս ամիսներին սովորաբար ունենում ենք 30-50 հազար զբոսաշրջիկների ներհոսք` ի հաշիվ Իրանի հոսքի: Սակայն հիմա չունենք: Այլ երկրների զբոսաշրջիկները ևս մտավախություն ունեն: Հայաստանում կորոնավիրուսի մեկ դեպք հայտնաբերվել է, բացի այդ Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի օջախներից մեկի կողքին»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի մինչև հունիս ամիսը, քանի որ ամառվա ամիսներին սկսվում է բուռն զբոսաշրջային սեզոնը:

Պարսյանը նշեց`զրուցել է զբոսաշրջային ընկերությունների հետ, տեղեկացել, որ շատերի մոտ փաթեթները սառեցվել են, շատերը ոչ արտագնա, ոչ ներգնա փաթեթների վաճառք չունեն: «Պետք է արձանագրենք, որ փետրվար-մարտ ամիսները մեր զբոսաշրջության ոլորտի համար լինելու են մեծ վնասի ամիսներ: Եվ եթե այդ վնասն ի հաշիվ ամռան չփոխհատուցվի, ապա այս ոլորտը մեծ կորուստներ է կրելու»,-ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով` պետք է լինեն պետական աջակցություն, սուբսիդավորման ծրագրեր, նոր նախաձեռնություններ: Պարսյանը նաև վտանգ է տեսնում, որ որոշ փոքր զբոսաշրջային ընկերություններ այս ամիսներին կարող են դադարեցնել իրենց գործունեությունը:

Տնտեսագետը նշեց` կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է մոտ 1000 դոլար: «Եվ, եթե ենթադրենք, որ այս ամիսներին 30 հազար զբոսաշրջիկ պետք է գար, սակայն չի եկել, դա նշանակում է, որ այդքան կորուստ ենք ունեցել»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ հատկապես ազգային ավիափոխադրող չունենալու պայմաններում պետք է փորձել հնարավորինս պահել շուկան, աջակցել ընկերություններին, միջոցառումներ նախատեսել, որ չվերթները չկրճատվեն: Նրա կարծիքով`Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է պահել Վրաստանի հետ տարանցման հնարավորությունը: Հիմա Ադրբեջան-Վրաստան տարանցման որոշակի սահմանափակումներ կան, Հայաստանի դեպքում դեռ չկա` բացառությամբ իրանական բեռնափոխադրողների: «Եվ մենք պետք է հնարավորինս բաց պահենք վրացական սահմանի ուղղությունը: Պետական առողջապահական ծառայությունները շատ մեծ անելիք ունեն»,-եզրափակեց Պարսյանը:

Մարտի 1-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Նա ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել էր Հայաստան փետրվարի 28-ին, Թեհրանից: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am