Վարչապետն արձագանքեց ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին
ՔԱՋԱՐԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին։ «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում