Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՓՄՁ գործունեության մեջ դրական տեղաշարժ կա. «Ամերիա» ընկերությունը հետազոտություն է կատարել

ՓՄՁ գործունեության մեջ դրական տեղաշարժ կա. «Ամերիա» ընկերությունը 
հետազոտություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիա» ՓԲԸ-ն իրականացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատել ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ նմանատիպ հետազոտություն իրականացրել էին նաև 2013 թվականին:

«Այժմ իրականացրել ենք հետազոտություն, որպեսզի հասկանանք, թե ոլորտում ինչ փոփոխություններ են կատարվել, ինչ զարգացումներ կան կամ ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել: Հետազոտության միջոցով մենք փորձում ենք ներկայացնել  ՓՄՁ ոլորտի զարգացմամբ զբաղվող կառույցներին՝ բանկերին, ապահովագրական ընկերություններին, միջազգային ֆինանսական ընկերություններին, խորհրդատվական և այլ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներին, որպեսզի տեղեկացված լինեն, թե ինչպիսի պահանջարկ կա երկրում: Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1 տոկոսը՝ փոքր, իսկ մոտ 1 տոկոսը՝ միջին»,- նշեց Ջրբաշյանը և ընդգծեց, որ ընդհանուր առմամբ 2018 թվականի համեմատ 2019-ին փոքր և միջին ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել:

Նրա խոսքով՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների պարագայում, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով:

«Առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ներն այդ նույն ժամանակահատվածում արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում»,- ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը:

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը՝ հեռահար բանկինգը:

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am