ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև որոշ ապրանքների մասին տեղեկության փոխանակման համաձայնագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ընդունվեց ստանալով 107 կողմ ձայն:
Համաձայնագիրը Հայաստանի և մյուս անդամ երկրների մոտ առաջացնում է որոշակի տեղեկատվություն ստանալու իրավունք և տրամադրելու պարտականություն: Չինաստանի և ԵԱՏՄ երկրների կողմից պիլոտային կարգով ընտրվել են այն 10 ապրանքները, որոնց վերաբերյալ նախնական փուլում իրականացվելու է տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվությունը հիմնական տրամադրվելու է մաքսային հսկողություն և հետբացթողումային հսկողություն իրականացնելու և այդպիսի հսկողությունն ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու նպատակներից ելնելով:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համաձայնագիրը ներկայացնելիս վստահեցրել էր, որ այն մեծ հնարավորություն է տալու մաքսային հսկողության և հետբացթողումային հսկողություն իրականացնելու առումով, քանի որ ներկայում Չինաստանի հետ մեր տեղեկատվության փոխանակումը բավարար մակարդակի չեն: Անանյանի խոսքով՝ շատ դեպքերում տնտեսավարողների համար ուղարկվող հարցումների պատասխանները կամ ուշանում են, կամ չեն տրվում: