Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկեց բոլոր ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանելու հարցը

Խորհրդարանը քննարկեց բոլոր ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու 
պահանջ սահմանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրն առաջարկում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Գործող օրենքով ունենք այնպիսի իրավիճակ, որ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ: Այսինքն՝ մի կողմից ունենք ՀԿ-ներ, որոնք չեն ստանում հանրային միջոցներ և ընդհանրապես թափանցիկ չեն և հաշվետվողականության առումով հանրությանը որևէ հաշվետու տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ գործող պահանջով՝ հանրային միջոցներ ստացողները պետք է լինեն թափանցիկ: Մենք հաշվետու ներկայացնելու պահանջ սահմանում ենք բոլոր ՀԿ-ների համար, որպեսզի լինի լիարժեք թափանցիկություն»,-ասաց Անանյանը:

Նա նկատեց՝ հաշվի առնելով, որ հաշվետվություն ներկայացնելը կարող է ֆինանսական և այլ ռեսուրսների պահանջ առաջացնել, կարգավորել են նաև այդ հարցը՝ ՀԿ-ների համար էլեկտրոնային հարթակ ստեղծելով: Այսուհետ ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով taxservice.am կայքի համապատասխան հարթակում: Արդյունքում թե հարկային մարմին թղթային եղանակով հաշվետվություն ներկայացնելու և թե azdarar.am-ում այդպիսի հաշվետվություն հրապարակելու կարիք չկա:

Անանյանը նկատեց՝ մի կողմից դյուրացրել են հաշվետվություն ներկայացնելու մեխանիզմը և գործիքակազմը, մյուս կողմից սահմանել են պահանջ՝ բոլոր ՀԿ-ների համար:

ՀԿ-ները ներկայացնում են տեղեկատվություն իրենց անդամների և կամավորների թվի վերաբերյալ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ: Անանյանի կարծիքով՝ օգտակար տեղեկատվություն չէ մեկ տարի հետո ներկայացված տեղեկատվությունը, այսպիսով՝ առաջարկում են, որ այդպիսի տեղեկատվությունը ներկայացվի հաշվետու տարվա վերջի դրությամբ:

Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կան այլ հիմնավորումներ, օրինակ` փողերի լվացում և այլն, որոնց բերումով անհրաժեշտություն են տեսել, որ ՀԿ-ները իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություն տան պետությանը:

Անանյանն արձագանքեց՝ հաշվետվությունը, որը ներկայացվում է ՊԵԿ, հարկահավաքագրման գործընթացի համար չէ: «Այս գործառույթը ՊԵԿ-ին փոխանցվել է զուտ նրա համար, որ ՊԵԿ-ը ընդհանուր հսկողական գործիքակազմ ավելի շատ ունի, հետևաբար՝ ավելի պատշաճ հսկողություն կիրականացվի ներկայացվող տեղեկատվության վրա: Իսկ այդ տեղեկատվությունը շատ ավելի լայն պահանջարկ ունի, հանրային պահանջ կա, որ բոլոր հասարակական կազմակերպությունները լինեն թափանցիկ, և հաշվետվողականության պահանջն իրականացվի: Այսինքն՝ չլինի խտրականություն, որ միայն հանրային միջոց ստացողները լինեն հաշվետու, այլ բոլորը»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am