Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանում Իրաքից եզդի երեխաների բուժման գործընթացը շարունակական է լինելու. մանրամասնում է պատգամավորը

Երևանում Իրաքից եզդի երեխաների բուժման գործընթացը շարունակական է լինելու. 
մանրամասնում է պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում իրաքցի, ազգությամբ եզդի 3-ամյա Արզնդայի հաջող վիրահատությունն ու բուժման ընթացքը ոգեշնչում է կազմակերպիչներին՝ նախաձեռնության շարունակականությունն ապահովելու գործում: Իրաքում եզդի երեխաների վիրահատությունն ու բուժումը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նպատակ ունեն չսահմանափակվել մեկ կամ երկու երեխայի աջակցելով, ցանկանում են ծրագիրը շարունակական դարձնել:

«Ինչպես գիտեք, Իրաքից Հայաստան տեղափոխված առաջին եզդի երեխայի վիրահատությունը կատարվել է քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Այժմ Արզնդան ապաքինվում է: Առաջիկայում սպասում ենք երկրորդ և երրորդ երեխաներին: Երկրորդ երեխայի առողջական վիճակի պատմությունն արդեն հասանելի է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագետներին և այժմ փաստաթղթերի հարցն ենք կարգավորում, որ կարողանանք տեղափոխել»,-ասաց Ռուստամ Բաքոյանը:

Նախաձեռնության գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր դառնալուց հետո մեկնեց Իրաք: Ինչպես ինքն է նշում, պատգամավոր դառնալու ժամանակ մտածում էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր վայրերում բնակվող եզդիներին: Մասնավորապես, Շանգալի եզդիներին, որոնք 2014 թվականին ցեղասպանության ականատես եղան: Իրաք կատարած այցի ընթացքում ուսումնասիրել է խնդիրները, հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի ղեկավարի, կառավարության ներկայացուցիչների հետ:

«Շանգալում իրավիճակին ծանոթանալուց հետո հասկացա, որ աջակցությունը պետք է լինի առողջապահության ոլորտում: Մասնավորապես, բժշկական օգնություն տրամադրել եզդի փախստականներին: Հայաստան վերադառնալուց հետո հանդիպել եմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, սկզբում քննարկել ենք բժիշկներ Իրաք գործուղելու հարցը: Նախարարն անմիջապես դրական արձագանքեց, հավանություն տվեց: Այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ էինք տանում, սակայն, ցավոք, Իրաքում ներքաղաքական իրավիճակն այնպես զարգացավ, որ հարյուրավոր քաղաքացիներ սպանվեցին, անհանգստություն կար: Մեր նախաձեռնությունն այդ մասով սառեցվեց»,-ասաց Ռուստամ Բաքոյանը: Պատգամավորը պատմում էր, որ չէր կարող ձեռքերը ծալած նստել, հետևաբար՝ հանդես եկավ նոր առաջարկությամբ, այն է՝ կազմակերպել երեխաների տեղափոխումը Հայաստան և այստեղ իրականացնել վիրահատությունն ու բուժումը: Արսեն Թորոսյանն այս անգամ ևս շատ արագ արձագանքեց ու իր աջակցությունը հայտնեց: Նախաձեռնությանը միացավ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը: Ֆինանսավորումն իրականացնում է 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ:

«Այստեղ ուզում եմ նշել, որ Հայաստանում վիրահատության արժեքը բավական նվազեցված է, գրեթե կեսն է: Եթե նման վիրահատություն Եվրոպայում կազմակերպվեր, ապա այն շատ թանկ կարժենար»,-ասաց նա: Հայաստանում բժիշկներն ամեն ինչ անում են երեխաների վիրահատությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ընտրվում են այն երեխաները, որոնք Իրաքում վիրահատվելու հնարավորություն չունեն և որ ամենաբարդ առողջական խնդիրներն ունեն: Ընտրվում են նրանք, ովքեր կյանքի ու մահվան խնդրի առջև են կանգնած և շտապ վիրահատություն է պետք: Ռուստամ Բաքոյանը նշեց, որ եթե կլինեն դեպքեր այլ հիվանդություններով պայմանավորված և Իրաքում հնարավոր չի լինի բուժել, ապա պատրաստ է կրկին աջակցել  և հիվանդին տեղափոխել Երևան: 

«Ես կարող եմ ասել, որ եզդի համայնք-պետություն համագործակցությունը կայացել է: Այս նախաձեռնությունը, հայ մասնագետների աջակցությունը մեծ արձագանք է գտել եզդի համայնքում: Ի դեպ, ասեմ, որ բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ դիմում են, որ իրենք էլ աջակցություն ցուցաբերեն»,-ասաց Ռուստամ Բաքոյանը՝ ավելացնելով, որ իրենք բաց են համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am