Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

Քյոլնի հայ համայնքը երիտասարդացել է

 Քյոլնի հայ համայնքը երիտասարդացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Վերջին տարիներին Քյոլնի հայ համայնքը երիտասարդացել է։ Բոլոր միջոցառումներին ու պատարագներին ավելի շատ երիտասարդներ են հաճախում։ Պատճառները տարբեր են։ Նախ՝ սիրիահայերի մեծ հոսքը, ապա՝ համայնքի եւ եկեղեցու կազմակերպչական համատեղ աշխատանքը։

Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրույցի է հրավիրել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի երիտասարդ հոգեւորական Տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանին։

- Տեր Վահրիճ, ի՞նչ կազմակերպչական աշխատանքներ են տարվում երիտասարդների հետ:

-Սփյուռքի մեջ երիտասարդության հետ աշխատանքը մեր առաջնային հարցերից է։ Թեմի գոյատեւումը պայմանավորված է այնքանով, որքանով այսօր երիտասարդ ունենք։ Որովհետեւ այդ գիտակից երիտասարդն է, որ վաղն այս համայնքը պետք է աշխույժ պահի։ Դա նաեւ նրանից է, որ ես էլ եմ երիտասարդ եւ քսանյոթ տարեկանում ստանձնել եմ այս պատասխանատվությունը։ Սա նաեւ օգնում է երիտասարդներին լավ հասկացվել եւ տարբեր հարցերի շուրջ խոսել։ Համայնքն ունի երիտասարդական ծրագրեր, որոնք կազմակերպվում են երիտասարդական հանձնախմբի կողմից։ Նրա կազմում չորս-հինգ երիտասարդ են, ովքեր փորձում են ամսվա մեջ գոնե մեկ միջոցառում կազմակերպել, որը հետաքրքրում է այսօրվա երիտասարդին։ Այս ձեւով փորձում ենք ամսվա առաջին կիրակին երիտասարդներին համայնք բերել, զրուցել, զվարճանալ, իրար հետ ծանոթանալ եւ կապ հաստատել։

-Այդպիսի ծանոթությունների արդյունքում, երեւի, ընտանիքներ են կազմվում, ինչպես, օրինակ, Վարդանի ու Նարինեի դեպքում էր։

-Այո։ Ի դեպ, նրանք այն բացառիկ երիտասարդ ընտանիքներից են, ովքեր այս եկեղեցում միշտ կան։ Ուրախ եմ, որ նրանք երիտասարդ ընտանիք են կազմել եւ շատ երիտասարդների համար կարող են լավ օրինակ լինել։ Վերջերս ամբողջ թեմի համար կազմվեց մի հանձնախումբ, որի նպատակը պետք է լինի կապ հաստատել տարբեր համայնքների մեջ գործող երիտասարդական հանձնախմբերի հետ եւ հաճախ կազմակերպել համագերմանական երիտասարդական միջոցառումներ։ Օրինակ՝ փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով, երիտասարդների հանդիպման օր էր, որովհետեւ Վեհափառ հայրապետի կողմից Սուրբ Սարգսի տոնը հռչակվեց որպես երիտասարդների օրհնության օր։ Սուրբ Սարգիսը նաեւ սիրո բարեխոս է։ Այսպիսով, երիտասարդները պահում են իրենց քրիստոնյա կերպարը, որովհետեւ Գերմանիան աշխարհիկ պետություն է, եւ ազատության այդ հոսքի տակ երիտասարդներն ունեն զվարճանալու հնարավորություն։ Իմ՝ իբրեւ երիտասարդ հոգեւորականի, ծառայությունը Տիրոջ եւ իմ ժողովրդի համար է։ Ինձնից առաջ այստեղ շատ հոգեւորականներ են եղել, եւ բոլորի ծառայությունն էլ գնահատելի է եղել։ Աստված ամեն մեկին տեսակ-տեսակ շնորհներ է տալիս։ Ես ուրախ եմ, որ թեմի կյանքը առաջընթաց է ապրում։ Կարեւորն այն է, որ վաղն ունենանք ամուր եւ կայուն հայ համայնք։

Երվանդ ՊՈՂՈՍՅԱՆ

Գերմանիայում «ՀՀ» սեփական թղթակից





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ