Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ. Արա Նազարեթյան

Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ. Արա Նազարեթյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր Արա Նազարեթյանը տեղին է համարում Սահմանադրության փոփոխությունների՝ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն (հանրաքվեի է դրվելու Սահմանադրական դատարանի 7 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը): «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արա Նազարեթյանն ընդգծել  է, որ ճիշտը կլինի այնպես, ինչպես կասի ժողովուրդը:

-Պարոն Նազարեթյան, մեր երկրում անցկացվում է սահմանադրական հանրաքվե։ Իսկ մարդկանց դիրքորոշումները երբեմն խստորեն տարբերվում են։ Ձեր կարծիքը ո՞րն է։

-Շատ տեղին է հանրաքվեն. ինչպես ժողովուրդը կասի, այնպես էլ ճիշտ կլինի։ Թե չէ ի՞նչ իրավական «խուճուճներ» են մտցնում. Սահմանադրության էն կետը, էսինչը, էնինչը... Սահմանդրությունն ո՞վ է հաստատել՝ ժողովո՞ւրդը։ Դե, ժողովուրդն էլ Սահմանադրության մի որեւէ դրույթ ուզում է փոխել։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Էլ ի՞նչ անօրինականություն կարող է լինել։ Թե չէ աթոռները պնդացրել—նստել են. էդ պապականից եկա՞ծ է իրենց։ Կամ ֆեոդալական այդ ինչ մտածելակերպ է։ Եթե ժողովուրդն է որոշում, նշանակում է ոչ մի անօրինական բան լինել չի կարող։ Այստեղ տարակուսելու բան չկա այլեւս։

-Ոմանք ասում են, որ այս հանրաքվեով ավելի է մեծանում ժողովրդի տարբեր հատվածների տարանջատումը։ Իրո՞ք այդպես է։

-Ես հակառակը կասեի՝ հանրաքվեն սեւ ու սպիտակի հարցը լրիվ կվերացնի։ Չերչիլի ասածի պես՝ դեմոկրատիան լավ բան չէ, բայց դրանից ավելի լավը դեռ մարդկությունը չի ստեղծել։ Հանրապետություն ենք, չէ՞, այսինքն՝ հանրային, ժողովրդական պետություն ենք։ Դե, ժողովուրդն էլ իր կարծիքը կասի։ Ի՞նչ են խառնվել իրար։ Եվ արդեն չի կարող լինել սեւ ու սպիտակ. կարող է լինել մեծամասնություն եւ փոքրամասնություն։ Դե, փոքրամասնությունն էլ պետք է ենթարկվի մեծամասնության կարծիքին։ Է՛ս է։ Նույնն է թե՝ ես էլ կուզեի մի դղյակ ունենալ, բայց պետությունը չի տալիս, ու ասեմ՝ ա՛յ քեզ բան, էս ի՜նչ պետություն է...

Իսկ մեր հասարակությունը ե՞րբ կարող է, այսպես ասած, կոմպրոմիսի գալ. լինի մի այնպիսի ժամանակ, երբ բոլորս եղբայրներ ու քույրեր լինենք։ Այդպես ո՞ր պարագայում կարող է լինել։

-Ախր, հասարակությունը կոմպրոմիսի գալու խնդիր չունի։ Պարզապես նման հարց չկա։ Որովհետեւ կոմպրոմիսի գալիս են երկու հակադիր կողմեր։ Հիմա մեր հասարակությունն ո՞ւմ հետ է հակադիր։ Հասարակությունն ինքն իր մեջ իր հարցերը լուծում է։ Էդ սեւ ու սպիտակն արհեստականորեն մտցված բաներ են, ուրիշ ոչինչ։ Հարցը հանրաքվեի է դրված, ու ժողովուրդը կասի՝ այսպե՞ս է ճիշտ, թե՞ այնպես։ Ու կյանքն իր բնականոն կարգով կշարունակվի։ Վե՛րջ։

Նշանակում է, որ այդքան ասում են, թե հասարակության մեջ ատելության մեծ չափաբաժին կա, բացասական էներգիան ահռելի է, իմիտացիա՞ է, նման բան չկա՞։

-Կա։ Բայց նաեւ դա արհեստականորեն անընդհատ դոզավորվում է։ Տեսեք՝ նոր իշխանություն է եկել, որն օպտիմալացնում է կառավարության կառուցվածքը։ Նախարարություններ միավորվեցին, ավելորդ հաստիքներ կրճատվեցին եւ այլն, եւ այլն։ Գիտենք, որ տարիների ընթացքում այդ համակարգի մեջ լցվել էին քավոր—սանիկներ, ամեն եկող նախարար իր մարդկանց է տեղավորել, ու նման կարգի այլ բաներ։ Ամենքս տեղյակ ենք սրան, ոչ ոքի համար նորություն չէ։ Հիմա, եթե այս ամենը վերացվում է, ուրեմն որոշակի մարդիկ էլ պետք է դժգոհեն։ Բա բնական չէ՞։

Իսկ սոցցանցերի եւ իրական կյանքի մեջ մե՞ծ է տարբերությունը։ Հնարավո՞ր է, որ մենք այսօր երկու կյանքով ենք ապրում. մեկը վիրտուալ տարածությունն է, մյուսը՝ իրական կյանքը։

-Սոցցանցերում այնքան ֆեյքեր են լցվել, որ ռեալ պատկերը կորել է։ Բայց եթե ուշադիր լինես, կտարբերես, թե ֆեյքերը որոնք են, իրական մարդիկ որոնք են։ Ու եթե մի քիչ ավելի խորամուխ լինես, կտեսնես, որ համարյա տարբերություն չկա իրական եւ վիրտուալ կյանքի միջեւ։

Եթե այդ ամենն արհեստական է, ապա ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը, ո՞ւմ է ձեռնտու կրակը թեժացնելը։

-Ով զրկվել է արտոնություններից, զրկվել է հեշտ կյանքից, պետք է դժգոհի, բա ի՞նչ պետք է անի։ Բայց մի ուրիշ ցավոտ պահ էլ կա. մարդիկ կան, որ քաղաքականության մեջ չեն, հասարակ մարդիկ են՝ ընտելացած իրենց առօրյա կյանքին, ապրելակերպին։ Հիմա իշխանությունը, հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ասում է սրանց՝ վեր կացեք ու աշխատեք, շարժվեք տեղներիցդ։ Իսկ այս մարդիկ այլ կերպ են մտածում՝ դե, ես ունեմ մի կով, մի մոզի, հերի՛ք է էլի։ Իսկ դու ասում ես էլի՛ գործ արա, յոլա գնալով մի ապրիր։ Կամ ասում ես՝ այդ քո կովն ու մոզին քո տան բակում մի մորթիր, տար սպանդանոց։ Էս մարդու համար լրացուցիչ անհանգստություն են բոլոր այս պահանջները։ Դրա համար էլ ցավոտ պետք է ընդունի ամեն փոփոխություն։ Բայց քանի որ այսօր վարչապետի վարկանիշը բարձր է, պարտավոր է գնալ ցավոտ քայլերի, ցավոտ լուծումների։ Այդպես է՝ իշխանությունը մի քիչ էլ պետք է կոշտ լինի։ Ընդհանրապես, քանի որ մենք դարերով պետականություն չենք ունեցել, որոշ բաներ համարյա մտել են մեր գենետիկայի մեջ։ Էն որ ասում են եղունգ ունես՝ գլուխդ քորի, նույնն է՝ էն որ գլուխդ կախ, քեզ համար աջ քաշած, «քուջուջ» ես անում, յոլա գնում։ Բայց մենք պետք է, չէ՞, պետություն դառնանք։ Որ մեկն աջից, մեկը ձախից չթելադրի։ Մենք ունենանք մեր կերպը, լինենք մեր ուզած տեսակը։ Եվ հենց սրա համար իշխանությունը պետք է ցավոտ բաներ անի, անպայմա՛ն անի։ Հասկանալի է, որ այս ամենն էլ իշխանության վարկանիշի վրա լավ չի անդրադառնալու։ Չնայած հնարավոր է, որ այդ մարդը լավ էլ իմանա, որ իշխանությունը ճիշտ է, բայց երբ ընտրատեղամաս մտնի, հիշելու է, որ այն իրեն անհանգստացնում է, ասում է՝ բազմոցից վեր կաց, գործ արա, աշխատի։

Գոհար Սարդարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]