Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին նվիրված 
խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության եւ մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող եւ նախատեսվող աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարեւոր համապետական նշանակություն եւ, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am