Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցիների վկայություններով

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցիների վկայություններով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ակնհայտ կեղծ և անհիմն տեղեկություններ տարածել «Խոջալուի կոտորածի» վերաբերյալ, կամ որ ավելի ճիշտ է՝ Աղդամի իրադարձությունների: Մինչ օրս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ստեղծել մի կեղծ պատկեր, թե Խոջալու բնակավայրում «հայերի կողմից կոտորվել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ»: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:

Ինչպես գիտենք, 1992 թ. փետրվարի լույս 26-ի գիշերը Խոջալուից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի թողած միջանցքով հեռացած և այնուհետև Խոջալուից շուրջ 10 կմ հեռավորության վրա հայտնաբերված «ադրբեջանցիների» դիակները լուսանկարահանել է ադրբեջանական այժմ արդեն չգործող ANS հեռուստաընկերության լրագրող Չինգիզ Մուստաֆաևը: Վերջինս նկարահանում իրականացրել է երկու անգամ՝ փետրվարի 29-ին և մարտի 2-ին: Առաջին անգամ, ինչպես նշում է ինքը Մուսատաֆաևը, իրենց այդտեղ չէին սպասում: Երկրորդ անգամ Չ. Մուստաֆաևի հետ դեպքի վայր են տարվել նաև միջազգային լրագրողներ:

Միջադեպից հետո՝ 1992 թ. մարտի 25-ին, Ադրբեջանի Գերագույն խորհրդում (խորհրդարան) ստեղծվել էր պատգամավորական հանձնաժողով, որը պետք է քններ այն: Հարցի քաղաքական կողմը և ադրբեջանական քարոզչամեքենայի՝ սեփական զոհերի շահարկումները պարզորոշ երևում են հենց այստեղից. դեռևս քննություն չանցկացրած, միջադեպը քննելու համար հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ որոշման մեջ արդեն իսկ այն անվանվում էր «ցեղասպանություն»՝ առանց որևէ հիմքի և քննության: Ո՞րն էր այսպես շտապելու պատճառը. սա ցույց է տալիս հենց ադրբեջանական աղբյուրների հետազոտությունը:

Պատգամավորների հանձնաժողովին որպես վկա իր տեսածը պատմել է նաև Չ. Մուստաֆաևը: Նրա վկայության տեսագրությունը ամբողջությամբ համացանցում հայտնվել է միայն ավելի քան 25 տարի անց: Այստեղ Մուստաֆաևը նշում է, որ փետրվարի 28-ին մեկնում է Աղդամ, այնուհետև մի կերպ համոզում, որ իրեն փոխադրամիջոց տան՝ գնալու միջադեպի վայր: Սկզբում նրան ասում են, թե դիակները եղել են Խոջալուում, այն էլ արդեն վերադարձրել են: Ի վերջո, երբ Մուստաֆաևին ուղղաթիռ են տրամադրում այլ տեղ գնալու համար՝ նա օդաչուներին խնդրում է գնալ այն վայրով, որտեղ, ըստ Խոջալուից Աղդամ հումանիտար միջանցքով հեռացած բնակիչների՝ իրենց համաքաղաքացիներից պետք է լինեին՝ կենդանի:

Նշված վայրը, ինչպես նշում է Մուստաֆաևը, եղել է Խոջալուից 10 կմ և ադրբեջանական դիրքերից ընդամենը շուրջ 700 մետր հեռավորության վրա: Հենց այդտեղ է նաև տեսել ադրբեջանցիների շուրջ 50 դիակ: Սա այն դիակներն են, որոնք տեսա և լուսանկարահանվել են ու ցուցադրվում են մինչ օրս:

Մուստաֆաևն այստեղ հետաքրքիր մանրամասներ է նկատում, ինչը նաև տեսանկարահանել է. դիակների արանքում պտտվում են ադրբեջանցի զինվորականներ՝ Աղդամից: Նրանց հետ եղել է նաև երեք ուղղաթիռ, որոնք, տեսնելով Մուստաֆաևին՝ միանգամից վերադարձել են: Այդ 10 զինվորականը, ինչպես նշում է Մուստաֆաևը, վերադարձել են Աղդամ ոտքով, այնպես՝ ինչպես և եկել էին:

Այսինքն, այն վայրը, որտեղ Խոջալուի բնակիչների մարմիններն էին՝ ադրբեջանական դիրքից հեռու էր ընդամենը 700 մետր, և ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից ոտքով հանգիստ գալիս էին այդ շրջան, պտտվում և հետ վերադառնում:

Մինչդեռ Չինգիզ Մուստաֆաևին մինչ այդ վստահեցրել են, որ այդ շրջանում «հայերն են», այնտեղ գնալ չի լինում: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս են այդ մարդիկ սպանվել մի տարածքում, որը հայկական ուժերից հեռու էր և ադրբեջանական դիրքից ընդամենը 700 մետր հեռավորության վրա ու ամբողջությամբ նրանց տրամադրության ներքո:

Այստեղից առաջ են գալիս նաև մյուս հարցերը. Երբ երկրորդ անգամ՝ մարտի 2-ին, Մուստաֆաևը վերադառնում է միջադեպի վայր, նկատում է, որ մարմինների մի մասը այդ միջակայքում խեղվել են. հանվել են գլխամաշկերը, իրականացվել են այլ դաժանություններ:

Այս ամենը տեղի էր ունեցել փետրվարի 29-ի և մարտի 2-ի միջակայքում, երբ այդ տարածքում, ինչպես նշում է Մուստաֆաևը, ազատ կերպով շրջում էին ադրբեջանական զինվորականները: Այդ ամենը հաստատվում է նաև առկա տեսանյութերով:

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էին հայերը խեղել սպանված անձանց դիակները մի վայրում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ էր: Մյուս կողմից նաև անհեթեթ է նման բանը քննարկելը, քանի որ աննպատակ է անգամ հնարավորության դեպքում մտնել այդ տարածք, իրականացնել դաժանություններ՝ իմանալով, որ Ադրբեջանն արդեն իսկ հրավիրել է միջազգային լրագրողների, որոնք նկարահանում են միջադեպի հետևանքները: Իսկ ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի քաղաքական հակառակորդ Աբուլֆազ Ալիևի (Էլչիբեյ) ղեկավարած «Ժողովրդական ճակատ»-ը ունեին նման շարժառիթներ: Միջադեպից օրեր անց՝ մարտի 5-ին, այս ամենի հետևանքով Ա. Մութալիբովը ստիպված եղավ հրաժարական տալ: Այստեղ կարևոր է նշել, որ միջադեպի վայրից 700 մետր հեռավորության վրա տեղակայված դիրքը վերահսկում էին հենց Ժողճակատի զինյալները:

Այս հարցերի պատասխանները ադրբեջանական կողմը մինչ օրս թողել է անպատասխան՝ ողբերգությունն օգտագործելով քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Իսկ բոլոր վկաները լռեցվել և լռեցվում են: Դրա վառ ապացույցն է միջադեպից ընդամենը 3.5 ամիս անց՝ 1992 թ. հունիսի 15-ին նույն վայրում մարտերի ընթացքում Խոջալուի գործով կարևորագույն վկա Չ. Մուստաֆաևի՝ ադրբեջանական գրադի բեկորից «պատահաբար» սպանվելը:

Մյուս ապացույցը ներկայումս Ադրբեջանի իշխանական քարոզչության «ամենավառ» դեմքերից Էյնուլլա Ֆաթուլաևն է: Վերջինս, մինչև Ադրբեջանում քրեական պատասխանատվության ենթարկվելը և դրանից հետո իշխանական քարոզիչի վերածվելը անկախ հետաքննություն էր իրականացրել, ինչի արդյունքում հաստատել էր, որ հումանիտար միջանցք եղել է Խոջալուի բնակիչների անվտանգ հեռանալու համար:

Ադրբեջանի կողմից իրականացված այլ զեղծարարություներին կարող եք ծանոթանալ Xocali.net կայքում:

Տարոն Հովհաննիսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ