Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԻՊ-ին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները

ՄԻՊ-ին  առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր 
կատարած այցի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փետրվարի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նիստին ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ Արցախ իրականացված այցի արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այցեր են իրականացվել զորամասեր, Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր, Շուշիի քրեակատարողական վարչություն և քրեակատարողական հիմնարկ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, հանդիպումներ են տեղի ունեցել Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։

Խորհրդի նիստում քննարկվել են սպաների և ժամկետային զինծառայողների բարձրացրած խնդիրները, բուժծառայության վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերի, կարգապահական մեկուսարանում զինծառայողների պահման պայմանների, բանակում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված հարցեր։

Քննարկման ընթացքում հատուկ կարևորվել են Զինված ուժերում ամուր կարգապահությունը, ռազմական կրթության որակի բարձրացումը, ինչպես նաև Պաշտպանության ոլորտին վերաբերող հրապարակումներում պատասխանատու լրագրության սկզբունքով առաջնորդվելը և այլ հարցեր:

Նիստին քննարկվել է նախազորակոչիկներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև բանակում առկա խնդիրները լուծելու նպատակով միասնական ռազմավարության հետ կապված հարցեր:

Հատուկ ընդգծվել է Զինված ուժերում սպաների առանցքային դերը, նրանց կարգավիճակի շարունակական բարձրացման կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am