Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

Մակունցն անհասկանալի է համարում «Ոչ»-ի կողմից քարոզչություն չիրականացնելը

Մակունցն անհասկանալի է համարում «Ոչ»-ի կողմից քարոզչություն չիրականացնելը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմի՝  քարոզարշավ չիրականացնելը համարում է, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունից խուսափում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ իրենք մասնակի՞ց են, թե ոչ: Ինձ համար հարցն այլ դաշտում է գտնվում: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում,  դրանով արդեն իսկ իրականացնում են անթաքույց «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ»,-ասաց Մակունցն ու նկատեց՝  թե «Այո»-ն, թե «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացին՝ նա նշեց, որ այն իրավական և սահմանադրական է։ «Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու ՍԴ-ի այն մոդելը, այն ձևը, որը հաստատվել է 2015-ի սահամանադրական փոփոխություններով և, ընդ որում, հավանության է արժանացել միջազգային այն կառույցների կողմից, ում նախապես այն ուղարկվել է որոշակի եզրակացության»,-նշեց նա ու հավելել՝ հարցը վերաբերում է սահմանադրական նորմը վերականգնելուն, Սահմանադրությունն ամբողջապես գործարկելուն:

«Ոչ»-ի  շտաբը հայտնել էր, որ դասական իմաստով քարոզչություն չեն իրականացնելու, նախաձեռնությանը միացած իրավաբանները հարթակ են տալու բոլոր նրանց, ովքեր «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին գրանցել է նաև «Ոչ» քարոզչության կողմը, որի լիազոր ներկայացուցիչն է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ