Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Լիբանանյան ճգնաժամ. նոր կառավարության հաջողելու հեռանկարը մշուշոտ է

Լիբանանյան ճգնաժամ. նոր կառավարության հաջողելու հեռանկարը մշուշոտ է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի խորհրդարանը փետրվարի 11-ին 63 կողմ, 20 դեմ, 1 ձեռնպահ ձայներով (ընդհանուր 128-ից) վստահության քվե հայտնեց վարչապետ Հասան Դիաբի կողմից ձևավորված մասնագետների կառավարությանը: Այժմ արդեն գործադիր մարմնի առջև կանգնած է երկիրը համակողմանի խրթին ճգնաժամից դուրս բերելու լրջագույն մարտահրավերը: Հարկ է նշել, որ ինչպես քվեարկությանը նախորդած և դրա ողջ ընթացքում, այնպես էլ անգամ հաջորդած օրերին չեն դադարել արդեն  նորակազմ կառավարության դեմ տարաբնույթ բողոքի գործողությունները:

Լիբանանում ներքաղաքական ճգնաժամը՝ պայմանավորված համաժողովրդական խաղաղ ցույցերով և բողոքի այլ գործողություններով, սկիզբ էր առել դեռևս 2019թ. հոկտեմբերի 17-ին: Դրանց համար առիթ էր հանդիսացել կառավարության հարկային քաղաքականությունը, մասնավորապես՝ WhatsApp-ի և այլ մեսինջերների ծառայությունների դիմաց  ամսական 6 դոլար հարկ սահմանելու վերաբերյալ որոշումը: Թեև ավելի ուշ իշխանությունները չեղարկեցին այդ որոշումը, սակայն բողոքի գործողություններն այդպես էլ չդադարեցին: Իր բնույթով քաղաքացիական, խաղաղ և միասնական շարժման մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ արմատական պայքար, հափշտակված ֆինանսական միջոցների վերադարձ, արդարություն և այլն. տարբեր դրսևորումներով ցայժմ շարունակվող բողոքի գործողություններն ավելի են վատթարացրել Լիբանանի սոցիալ-տնտեսական, ֆինանսական, բանկային առանց այն էլ ծանր իրավիճակը:  

Պայմանականորեն լիբանանյան ճգնաժամն առայժմ կարելի է բաժանել 3 փուլի: Խաղաղ, քաղաքացիական բնույթի արդարացի պահանջները ճգնաժամի տարբեր շրջափուլերում ստացան քաղաքական երանգներ՝ պարունակելով նախ կառավարության, ապա իշխանության բոլոր ճյուղերի հրաժարականի, նոր սահմանադրության ընդունման, դրա միջոցով Լիբանանում գործող կառավարման համայնքային համակարգի վերացման և նոր՝ քաղաքացիական, գաղափարական-քաղաքական բնույթի համակարգի հիման վրա իշխանության ճյուղերի ձևավորման կոչեր և այլն: Ուշագրավ է, որ քաղաքացիական շարժումը չունի միասնական առաջնորդ կամ համակարգող թիմ, հետևաբար նրանց պահանջների հիմնական հասցեատերը դարձյալ երկրում իշխող քաղաքական ուժերն են: Իսկ առաջարկվող գործընթացների տրամաբանությունը հետևյալն էր՝ պետք է ձևավորվեր նոր՝ որևէ քաղաքական կախվածությունից զուրկ արհեստավարժների անցումային կառավարություն, որը պետք է մշակեր նոր սահմանադրություն, հարակից օրենքներ՝ դուրս համայնքային համակարգից, դրա հիման վրա էլ պետք է անցկացվեին խորհրդարանական ընտրություններ և ձևավորվեր նոր իշխանություն:

Հոկտեմբերի 21-ին ստեղծված իրավիճակը հաղթահարելու սեփական ծրագրով հանդես եկավ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը մերժվեց ցուցարարների կողմից: Հոկտեմբերի 29-ին վարչապետը և նրա գլխավորած կոալիցիոն կառավարությունը հրաժարական տվեցին, որը կարելի է համարել ճգնաժամի պայմանական առաջին փուլի ավարտ: Շուրջ 50 օր տևած երկրորդ փուլը հիմնականում անորոշության ժամանակահատված էր, որի ընթացքում լիբանանյան իշխանությունները, հիմնական քաղաքական ուժերը փորձում էին գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր՝ կառավարության ղեկավարի ընդունելի թեկնածուներ, որոնք, այդ թվում՝ նաև հրաժարյալ վարչապետ Հարիրիի անունը, կտրականապես մերժվեցին ժողովրդական շարժման մասնակիցների կողմից, ովքեր ցանկանում էին կառավարության ղեկին տեսնել նոր՝ գործող համակարգի և հիմնական քաղաքական ուժերի հետ կապեր չունեցող գործչի:

Ի վերջո, դեկտեմբերի 19-ին նախագահ Միշել Աունը, հիմնական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակեց ինժեներ, Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, 2011-14թթ. կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին. սա կարելի է համարել արդեն ճգնաժամի երկրորդ փուլի ավարտ և երրորդի մեկնարկ: Դիաբի թեկնածությունն ընդունվեց պատգամավորների ոչ այնքան լայն աջակցությամբ՝ ընդհանուր 128-ից 69 կողմ ձայների արդյունքում: Վարչապետին աջակցել են շիայական «Հիզբալլահ», «Ամալ» կուսակցությունները, նախագահ Աունի «Ազատ հայրենասերների դաշինք» կառույցը և նրանց հարող այլ քաղաքական ուժեր («Մարտի 8-ի դաշինք»): Դիաբի թեկնածությունը ևս միանշանակորեն չընկալվեց ցուցարարների կողմից, որոնց գործողություններն ընթանում էին ինչպես պետական կարևոր հաստատությունների, այնպես էլ նոր վարչապետի կեցավայրի առջև: Ի դեպ, ճգնաժամի երկրորդ փուլի ավարտին և երրորդ փուլի ողջ ընթացքում բողոքի գործողություններն աստիճանաբար փոխում էին իրենց խաղաղ բնույթը՝ ներառելով ուղղորդված և տարատեսակ բռնությունների բաղադրիչ:

Հունվարի 21-ին տևական ծանր բանակցություններից, կողմնակի տարաբնույթ խոչընդոտներ հաղթահարելուց հետո ի վերջո Դիաբին հաջողվեց ձևավորել 20 նախարարությունից կազմված մասնագետների կառավարություն (այդ թվում՝ 6 կին, բողոքի ակցիայի մասնակիցներ), որում նախարարական պորտֆելների բաշխումը, սակայն, դարձյալ հիմնված էր համայնքային հավասարակշռության վրա: Ասել է թե՝  եթե նոր կառավարությունը ձևով բավարարում է համաժողովրդական շարժման պահանջներին, ապա բովանդակությամբ՝ ոչ: Ուստի, սպասելի էր, որ այն ևս չէր կարող լիարժեք աջակցություն վայելել հասարակության շրջանում: Ըստ էության, այս գործընթացի ավարտն էլ կարելի է դիտարկել որպես ճգնաժամի պայմանական երրորդ փուլի ավարտ:

Ընդհանուր առմամբ, Լիբանանում խորացած ներքին ճգնաժամի պատճառն այդ երկրում գործող պետական կառավարման համակարգի համայնքային բնույթն է, դրա հետևանքով կուտակված բազմաբնույթ խնդիրները: Բանն այն է, որ լիբանանյան հասարակությունը բազմաշերտ է՝ կազմված տարբեր էթնոդավանական խմբերից, և այդ՝ համայնքային սկզբունքի հիման վրա էլ 15-ամյա քաղաքացիական պատերազմից (1975-1990թթ.) հետո հաստատվել է ներկա սահմանադրական կարգը, որի հիմքում քաղաքական հավասարակշռությունն է: Ըստ այդ կարգի՝ յուրաքանչյուր կրոնական համայնք Լիբանանի հասարակության մեջ ունեցած տեսակարար կշռին համաչափ ներկայացվածություն ունի պետական իշխանության մարմիններում։ Մասնավորապես, երկրի նախագահի պաշտոնը մշտապես զբաղեցնում է մարոնի քրիստոնյա, խորհրդարանի նախագահինը՝ շիա, վարչապետինը՝ սուննի մուսուլմանական համայնքների ներկայացուցիչներ, նույն սկզբունքով էլ բաշխված են տեղերն օրենսդիր մարմնում։

Այդուհանդերձ տասնամյակներ շարունակ Լիբանանում իշխող առանցքային քաղաքական ուժերը, գործիչներն իրենց ձեռքում են կուտակել նաև երկրի տնտեսական կապիտալի պատկառելի հատված՝ վերահսկելով հիմնական դրամական հոսքերը, ինչի հետևանքով երկիրը կուտակել է մեծածավալ պետական պարտք (90 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 150%-ը) և կանգնել խորը ֆինանսական ճգնաժամի առջև: Լիբանանի բարձրագույն իշխանությունը, գործող քաղաքական ուժերը կորցրել են վստահությունը հասարակության մի ստվար հատվածի շրջանում: Մինչդեռ ցուցարարների պահանջած ամբողջական համակարգային փոփոխությունն էլ կարող է տանել երկիրն անորոշության և քաոսի: Նման փխրուն իրավիճակում կտրուկ քայլերն, առանց փուլային խորքային բարեփոխումների, հղի են վտանգավոր հետևանքներով 1,5 տասնամյակ քաղաքացիական պատերազմ ապրած և իրար նկատմամբ թշնամական տրամադրված արտաքին հակամարտ դերակատարների, նաև՝  նրանց անմիջական հակամարտության ազդեցությունը կրող Մայրիների երկրի համար:

Կուտակված խնդիրները լուծելու հարցում նորաստեղծ կառավարության հաջողելու հավանականությունը, վստահաբար, խիստ կասկածելի է: Անհրաժեշտ է ժամանակ՝ ներքին լրջագույն բարեփոխումների համար, և լայնածավալ արտաքին ֆինանսական աջակցություն, առանց որոնց երկիրը չի կարող հաղթահարել իր առջև ծառացած խորքային և համակարգային խնդիրները, որոնք միավորել էին Լիբանանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը՝ մոռացության տալով վաղեմի համայնքային թշնամանքը: Մինչդեռ երկուսն էլ խիստ սահմանափակ են: Ինչպես արդեն նշվել է, կառավարությունը չի վայելում հասարակության լայն աջակցությունը: Արտաքին ֆինանսական օգնության հիմնական աղբյուրները Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Պարսից ծոցի արաբական միապետություններն են: Վերջին երկուսը, բնականաբար, հազիվ թե շտապեն աջակցել Լիբանանին, քանի որ նորաստեղծ կառավարությունը կրում է իրենց տարածաշրջանային հակառակորդ Իրանի հովանավորյալ «Հիզբալլահ» կուսակցության ազդեցությունը: Փարիզն էլ կոնկրետ քայլեր կատարելուց առաջ ցանկանում է համոզված լինել կառավարության քաղաքականության կենսունակության հարցում: Հետևաբար, նորակազմ կառավարությանը սպասվում է բավականաչափ խրթին ճանապարհ՝ ուղեկցվելիք հիմնականում իրավիճակային լուծումներով: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ չի բացառվում՝ այս իրավիճակում առավել առարկայական ֆինանսական և քաղաքական միջամտության փորձ կատարի Թուրքիան, որը կարող է հավելյալ բարդություններ առաջացնել հատկապես տարածաշրջանային դերակատարների շրջանում մրցակցության հարցում:

Լիբանանահայ համայնքը, թրծված պատմական խրթին իրադարձությունների հետևանքով, ճգնաժամի ընթացքում հիմնականում դրսևորել է պետականամետ դիրքորոշում: Շարքային քաղաքացիները մեծամասամբ կիսել են և զորակցել խաղաղ ցուցարարներին՝ բողոքի գործողությունների ընթացքում: Իսկ հոգևոր համայնքապետերն ու քաղաքական կուսակցությունները հնարավորինս նպաստել են ստեղծված իրավիճակի դրական հանգուցալուծման փորձերին: Նորաստեղծ կառավարությունում ՀՅԴ-ի երաշխավորությամբ Երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրել է մասնագիտությամբ սոցիոլոգ, հոգեբան Վարդինե Օհանյան-Գևորգյանը:

 

Արմեն Պետրոսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ