Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Գինեգործություն, արհեստագործություն, խոհանոց.«Գաստրո բակ»-ը կայուն տեղ ունի զբոսաշրջության ոլորտում

Գինեգործություն, արհեստագործություն, խոհանոց.«Գաստրո բակ»-ը կայուն տեղ ունի 
զբոսաշրջության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեռևս 2018 թվականին իրականացված «Գաստրո բակ» պիլոտային ծրագիրը լայն տարածում է գտնում: Հաջողված փորձը տեսնելով՝ տարբեր համայնքներից բնակիչներն արձագանքում են և ցանկություն հայտնում զբոսաշրջային հետաքրքիր նախաձեռնությունը կյանքի կոչել նաև իրենց բնակավայրում: Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի կառավարության  ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԱԶԾ-ի Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի զարգացման գծով փորձագետ Լուսինե Բալայանը, «Գաստրո բակ» ծրագրով նախատեսված է եղել երկու բաղադրիչ՝  սնունդ և գինեգործություն, սնունդ և արհեստագործություն: Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին, արհեստագործական հմտություններին, շփվել տեղի բնակիչների հետ: 

«Գաստրո բակերը պարզապես տարածքներ չեն, այնտեղ մարդիկ բնակվում են, զբոսաշրջիկներին ցուցադրում են մեր ավանդույթները, մշակույթը, խոհանոցը, ձեռքի աշխատանքը և այլն: 2018 թվականին մենք իրականացրեցինք մի շարք պիլոտային ծրագրեր տարբեր մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Արարատում»,-ասաց Լուսինե Բալայանը:

Քանի որ պիլոտային ծրագրերը հաջողվեցին, 2019 թվականին հայտարարվեց գաստրո բակերի ծրագրերի իրականացման մրցույթ 3 բաղադրիչով՝ սնունդ-գինեգործություն, սնունդ- արհեստագործություն, սնունդ-արհեստագործություն- գինեգործություն: Այդ ժամանակ ստացվել էր 130-ից ավելի դիմումներ: Մրցութային հանձնաժողովն ընտրել էր երկրորդ փուլ անցածներին, իրականացրել տեղային մոնիտորինգ, գնահատել շահառուների ներուժը: Հաղթողները ստացել են իրենց համայնքներում սեփական գաստրո բակ ձևավորելու հնարավորություն:

Գաստրո բակերի ծրագրերի իրականացման շրջանակում շահառուներին տրամադրվում է աջակցություն՝ լինեն սարքավորումների, խորհրդատվական, թե նախագծանախահաշվարկային հարցեր: Օրինակ` գինեգործության հետ կապված բավական մեծ աջակցություն էր նախատեսված: Ծրագրի կայունությունն ապահովելու համար երեք տարով շահառուին ի պահ են տրվել անհրաժեշտ սարքավորումները տնական պայմաններում գինի արտադրելու համար: Սարքավորումները նախատեսված են գինու արտադրության ամբողջ շրջանն ապահովելու համար: Համագործակցում են նաև մասնագետների հետ, ովքեր հետևում են գինու որակին, արտադրանքի պատշաճ պայմանների իրականացմանը:

«Ծրագիրն այնքան հաջողվեց ու հետաքրքրեց, որ կառավարությունը ևս մասնակցություն ունեցավ, ինչի համար շատ ուրախ ենք»,-ասաց Լուսինե Բալայանը:

Այս տարի ևս հանրապետությունում նախատեսված է երկու տասնյակից ավելի գաստրո բակերի բացում: Փետրվարի 15-ին Ռուսաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում նախատեսված է «ԱՐՏ –թակարդ Գաստրո Բակ»-ի պաշտոնական բացման արարողությունը: Այն գործելու է Արարատ մարզի Խաչպար գյուղում:

«Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: «Գաստրո բակ» նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավանդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն:

Աննա Գզիրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ