Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստան-Հորդանան. երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ և փոխադարձ հետաքրքրվածություն

Հայաստան-Հորդանան. երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ և 
փոխադարձ հետաքրքրվածություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Սա Հորդանանի ղեկավարի առաջին այցն է Հայաստան: Նախկինում՝ 2014թ. և 2019թ., Հորդանան են այցելել համապատասխանաբար նախագահներ Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ, 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի բավականաչափ կարևոր՝ մերձավորարևելյան և հատկապես արաբական երկրների ուղղությամբ վեկտորն առավել ակտիվ է պահվում նախագահի աշխատակազմի կողմից: Պաշտոնավարման ավելի քան 1,5 տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը մի քանի տարաբնույթ այցեր է կատարել տարածաշրջանային երկրներ՝ ԱՄԷ, Կատար, Հորդանան, Իսրայել:

Հարկ է նշել, որ չնայած սահմանափակ տնտեսական հնարավորություններին, ռեսուրսներին, բազմաբնույթ խնդիրներին, այդուհանդերձ, թե՛ Հաշիմյան Թագավորությունը, թե՛ այնտեղ իշխող արքայատոհմը բավականաչափ կարևոր դիրք, հեղինակություն, քաղաքական կշիռ ունեն և ավանդաբար ունեցել են Մերձավոր Արևելքում, այս բազմախնդիր տարածաշրջանի տարաբնույթ հիմնախնդիրների և հակասական հարաբերությունների կայունացման, հավասարակշռման հարցում: Բավական է նշել, որ Հորդանանը տարածշրջանի ամենախրթին՝ արաբ–իսրայելական հակամարտության մասով հրեական պետության հետ Հաշտության պայմանագիր ստորագրած երկրորդ արաբական երկիրն է (1994թ., Արաբա) Եգիպտոսից հետո, մշտապես կարևոր դերակատարում է ունենում իսրայելապաղեստինյան հարաբերություններում պարբերաբար արձանագրվող սրացումներում: Նաև շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ Ամմանը համակողմանի լուրջ հարաբերություններ ունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ, կայունացնող քաղաքականություն է վարում նաև այս տարաշաշրջանում երբեմն սրվող փոխհարաբերություններում: Հորդանանը չափազանց կարևոր նշանակություն և կշիռ ունի նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում: Իսկ Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից. նա գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին հոր՝ Հուսեյն իբն Թալալ թագավորի մահից հետո: Ավելորդ չէ հիշեցնել նաև, որ Հորդանանի միապետերն ավանդաբար հանդիսացել են Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալը:

Վերոնշյալի համատեքստում պետք է արձանագրել, որ մերձավորարևելյան այս կարևոր դերակատարի հետ Հայաստանի հարաբերությունները տարբեր պատճառներով չեն կրել ակտիվ բնույթ: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ.: Սիրիայում ՀՀ դեսպաններն ավանդաբար համատեղությամբ վարել են նաև Հաշիմյան Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պարտականությունները: Երկու երկրների միջև տեղի են ունեցել ավելի քան 1 տասնյակ փոխայցելություններ, ստորագրվել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կարգավորող շուրջ 2 տասնյակ փաստաթղթեր, երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները զգալիորեն ցածր են:

Այդուհանդերձ, Հայաստան-Հորդանան քաղաքական հարաբերությունները մշտապես եղել են բավականաչափ բարձր մակարդակի վրա՝ հիմնված երկու ժողովուրդների և երկրների պատմական բարեկամության վրա: Նշվածի վառ ապացույցն է բոլոր մակարդակի հանդիպումների ընթացքում հնչած ջերմ հռետորաբանությունը: Ավելին, առկա է մեծ ներուժ առավել խորացնելու համագործակցությունը քաղաքական հարթությունում. Երևանի համար նաև Հորդանանի հետ բարեկամությունը հավելյալ հնարավորություններ է ընձեռում արաբամուսուլմանական աշխարհում և հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները կարգավորելու համար:

Քաղաքականից բացի, զարգացման մեծ ներուժ ու արդյունավետ համագործակցության լուրջ հնարավորություններ, ամենակարևորը՝ փոխադարձ շահագրգռվածություն կա նաև բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, անվտանգության, կրթության, գիտության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների խթանման կարևորագույն գործոն է նաև հորդանանահայ համայնքի դերակատարումը, որը բարձր կշիռ ունի թագավորության հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Վերոնշյալի համատեքստում, նաև հաշվի առնելով հորդանանյան բավականաչափ ծանրակշիռ պատվիրակության ընթացիկ այցի շրջանակում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները՝ հատկապես հայկական կողմը պետք է ընդգծված հետևողականություն և սկզբունքայնություն ցուցաբերի մերձավորարևելյան այս կարևոր երկրի հետ և նրա միջոցով հնարավոր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am