Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժամանակակից հեղինակների գործերը հնչեցնելու համար հարթակ է հարկավոր. Արամ Սաթյան

Ժամանակակից հեղինակների գործերը հնչեցնելու համար հարթակ է հարկավոր. Արամ 
Սաթյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որը տարիներ շարունակ իր հնարավորությունների սահմանում փորձում է նպաստել հայ երաժշտության տարածմանն ու միջազգայնացմանը, 2020 թվականին տարբեր ծրագրեր կիրականացնի: Միության նախաձեռնությամբ կյանքի կկոչվեն «Պատմություն կերտելով», «Մենք ու մենք» ծրագրերը, կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ «Պատմություն կերտելով» ծրագրի շրջանակում հիշելու են տարվա հոբելյարներին: «Տոնելու ենք երաժշտագիտության հիմնադիրներից Քրիստափոր Քուշնարյանի 130-ամյակը, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Գևորգ Արմենյանի հարյուրամյակները, Էդգար Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Էմին Խաչատրյանի և Ռոբերտ Պետրոսյանի 90-ամյակները: Նշելու ենք նաև Ստեփան  Շաքարյանի, Էմմա Միհրանյանի և այլ արժանավորների հոբելյաններ: Նրանցից յուրաքանչյուրը մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում»,-շեշտեց միության նախագահը:

Սաթյանի խոսքով`շատ կարևոր է հեղինակներին մշտապես հիշելը, քանի որ պատմություն կերտում են ստեղծագործողները, մարդիկ, որոնք ստեղծում են մնայուն արժեքներ. մենք դրանք ունկնդրում ենք, դիտում, կարդում:

«Նախորդ տարի նախաձեռնեցինք «Մենք ու մենք» ծրագիրը, որի շրջանակում կոմպոզիտորներն այցելում են Հայաստանի տարբեր շրջաններ, հնչեցնում իրենց ստեղծագործությունները: Այցելեցինք Իջևան, Դիլիջան, Գորիս, Խնձորեսկ: Համերգներ տեղի ունեցան նաև Աշտարակում, Փարաքարում: Ծրագրի շնորհիվ կոմպոզիտորներն էլ ավելի  ճանաչելի են դառնում: Անպայման պետք է շարունակենք այն»,-ասաց նա:

Արամ Սաթյանը կարևորեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը, որը տաղանդավոր ստեղծագործողների բացահայտման հարթակ է: Միությունը փորձում է որոշ ուղղություն տալ նրանց, վարպետության դասեր անցկացնել:  Մրցույթի շնորհիվ առաջադիմություն ունեցող երեխաների ստեղծագործությունները նախորդ տարի հնչել են Ռուսաստանում կայացած միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և ունեցել մեծ հաջողություններ՝ արժանանալով պատվոգրերի:

Արամ Սաթյանը նշեց, որ ցանկանում են ժամանակակից երաժշտության փառատոն կազմակերպել, որտեղ կհնչեն նաև սկսնակ ստեղծագործողների գործեր, քանի որ նրանց համար հարթակ գրեթե չկա: «Բնական է, որ մեր գլխավոր նվագախմբերի նպատակը բարձրակարգ երաժշտություն ներկայացնելն է, բայց այն երաժշտությունը, որը նոր է ծնվում, նույնպես պետք է հնչի:  Գուցե դա է պատճառը, որ այսօր սիմֆոնիկ երաժշտության բաց ունենք: Նվագախմբերը հիմնականում կատարում են արդեն կայացած, հայտնի կոմպոզիտորների գործեր, իսկ նոր ստեղծագործություններն իրացվելու տեղ չունեն»,-շեշտեց Սաթյանը:

Միության նախագահը էական համարեց երկրի սահմաններից դուրս հայ երաժշտության տարածումը` նշելով, որ 2019-ին ԱՄՆ-ում հայ երգարվեստին նվիրված երկու համերգային ծրագիր է անցկացվել, որտեղ հայ հեղինակների գործեր են հնչել: «Հաճելի է, երբ օտարազգին քո լեզվով է երգում: Մեր հեղինակները հնչում են, և դա ամենալավ բանն է: Հավանաբար ինչ-որ մնայուն բան ստեղծել ենք: Թող ոչ ոք չասի, որ այսօր չկա հայ պրոֆեսիոնալ երաժշտություն: Կա, ուղղակի պետք է հարթակ տրամադրել այդ գործերը հաճախ կատարելու համար: Եթե մենք չներկայացնենք, ո՞վ պետք է դա անի: Չեմ ցանկանում`դառնանք այն ազգը, որը բոլորին կարող է ընդունել, իսկ ինքներս մեզ` անտեսել: Ունենք արժանապատվություն և ինքնատիպ արվեստ, որը պետք է ճանաչվի ողջ աշխարհում»,-եզրափակեց Արամ Սաթյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am