Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանից վերադարձած հայ տղան պատմում է՝ ինչպես են Հայաստանում բժիշկները հսկողության տակ պահել իրեն

Չինաստանից վերադարձած հայ տղան պատմում է՝ ինչպես են Հայաստանում բժիշկները 
հսկողության տակ պահել իրեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սիան քաղաքում բնակվող և ուսանող Խաչիկ Սարգսյանը Հայաստան վերադառնալուց հետո անցել է բուժզննում, որը կորոնավիրուսի որևէ ախտանիշ չի հայտնաբերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում 26-ամյա ուսանողը հայտնեց, որ կնոջ հետ Հայաստան է վերադարձել Թաիլանդից, որտեղից պատրաստվում էր հունվարի 30-ին ուսումը շարունակելու նպատակով մեկնել Չինաստան:

«Չինաստանում սովորում եմ դոկտորանտուրայում, մենեջմենթա-ինժեներիայի ֆակուլտետում: Հունվարի 19-30-ը գտնվել եմ Թաիլանդում, որտեղից հունվարի 30-ին պետք է հետ գնայի Չինաստան, բայց քանի որ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը տարածվեց, կնոջս հետ Թաիլանդից ժամանեցինք Հայաստան»,- ասաց Սարգսյանը:

Խաչիկի և նրա կնոջ ջերմությունը չափել են անմիջապես օդանավակայանում, հետագա հետազոտություններն էլ ցույց են տվել, որ կորոնավիրուսի հետ կապված կասկածներ լինել չեն կարող:

«Այստեղ սահմանային անցակետում, երբ ինքնառիթը վայրէջք կատարեց, մեր ջերմությունը չափեցին, հետո մեր հեռախոսահամարները վերցրեցին: Ամեն օր զանգահարել են, հարցրել՝ ջերմություն ունենք, թե՝ ոչ: Երբ ես և կինս մեր հանգստության համար զանգահարեցինք, և նշեցինք, որ ուզում ենք ստուգվել, մեզ ստուգեցին, քսուքներ վերցրեցին կոկորդից, քթանցքներից, երակից արյուն վերցրեցին, թոքերի ռենտգեն արեցին, և ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Կորոնավիրուսի թեստերով չենք ստուգվել, դրա իմաստն էլ չկար: Կորոնավիրուսի թեստ պետք է արվի այն ժամանակ, երբ մարդն ունի ջերմություն կամ ինչ-որ նախանշաններ»,- նշեց նա:

Խաչիկ Սարգսյանը Սիան պետք է վերադառնար փետրվարի 13-ին, բայց նրա համալսարանը դասապրոցեսի վերսկսումը հետաձգել է մինչև փետրվարի 23-ը: Խաչիկի խոսքով՝ այդ օրն էլ դեռ վերջնական որոշված չէ:

«Եթե Չինաստանում կորոնավիրուսով կասկածվողների քանակը չշատանա, նշանակում է, որ նրանք հիվանդությունը վերահսկողության տակ են պահում, բայց հիվանդների քանակը շատանում է, նաև կասկածվողների քանակն է շատանում, և նշանակում է, որ հիվանդությունը այդքան էլ վերահսկողության տակ չէ: Հետևաբար, համալսարանից մեզ ասացին, որ դասապրոցեսի վերսկսման օրը նորից կարող է փոխվել: Սիանում հունվարի 23-ի դրությամբ 2 հոգի է եղել վարակված, ներկա դրությամբ 74 հոգի է վարակված»,- ասաց Սարգսյանը:

Ուսանողը նշեց, որ Սիանում ապրող իր մյուս ծանոթների մոտ նույնպես հիվանդության որևէ կասկած չի հայտնաբերվել:

«Ես մեծամասնության հետ կապի մեջ եմ, բոլորը լավ են իրենց զգացել, հետևել են կանոններին, և եկել են Հայաստան: Մարդիկ կան, որ Սիանից մեկնել են Ռուսաստան, այնտեղ ստուգվել, նոր են վերադարձել Հայաստան»,- նշեց նա:

Խաչիկ Սարգսյանը Հայաստանից 550 բժշկական դիմակ է ուղարկել Սիանի իր համալսարան, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, քաղաքում մեծացել է դրանց պահանջարկը:

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 28 հազարը, 564 մարդ մահացել Է, 1153-ն՝ ապաքինվել: Երկրում կարանտինի մեջ է ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել Է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am