Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց Արմենակ Ուրֆանյանի 
անունը կրող սրահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներն այսուհետ Ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանին կհիշեն, նրա մասին կխոսեն հենց հերոսի անունը կրող սրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին՝ կապիտան Ուրֆանյանի ծննդյան և Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով կենտրոնում բացվեց հերոսի անվան սրահը:

«Այսօր լրանում է մեր հերոսի 30-ամյակը: Իր սխրանքով նա մեր ժողովրդին պարգևել է արժանապատվություն ու խաղաղություն, ազատություն և անկախություն»,-ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հերոսների անունով սրահների բացումն արդեն ավանդույթ է դարձել: Մի առիթով խնդրել են հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների թույլտվությունն ու նրա անվան սրահ բացել, հետո նոր մարտահրավեր սահմանել՝ բացելու Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահ:

«Թույլտվություն վերցրեցինք տիկին Համեստից՝ Արմենակ Ուրֆանյանի մորից՝ անվանակոչելու այս սրահը: Այսօր ևս նոր մարտահրավեր կա, բացել սրահ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի անունով: Տա Աստված, որ սրահներ բացելու անհրաժեշտությունը չլինի, բայց տղաների անունները պետք է հավերժ կապված լինեն այս բժշկական տաճարի հետ, այն վայրի հետ, որտեղ իրենց զինակիցները հաղթահարում են իրենց բաժին ընկած փորձությունը»,-ասաց Մուրադյանը:

Կենտրոնի այգում կտնկվի նաև Ուրֆանյանի սիրելի ծառը՝ բալենին: «Այսպիսի ծառերով է հարստանալու ուսանողական համալիրը, որտեղ ուսանողները տեսնում են, թե ինչ է նշանակում հայրենասիրությունն ու երկրին սիրելը»,-ասաց Մուրադյանը:

«Հիմա այստեղ իմ Արմենակի օթևանն է: Դա ինձ ավելի է կապելու այս կենտրոնի հետ: Սա մեծ պատիվ է թե իմ, թե իմ տղայի համար: Ոչ միայն սա, նաև նրան նվիրված շատ այլ միջոցառումները ևս մեծ սփոփանք են ծնողին: Իմ տղան ու իր ընկերներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի, և այսօր այդ տղաներին արժևորում են»,-ասաց Արմենակի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Նա նշեց՝ սիրում է բույսեր մշակել, այդպիսով որդու շունչն է զգում: «Վերջին անգամ Վալենտինի տոնի կապակցությամբ Արմենակը որոշել էր վարդեր նվիրել նշանածին: Ես ասացի, որ վարդերը շուտ թոշնում են, խորհուրդ տվեցի հողի ծաղիկներ նվիրել: Ու ինքը որոշեց տնային ծաղիկներ նվիրել Գոհարիկին: Եվ այդ ծաղիկներն այդպես էլ մինչև հիմա կան: Ու ես սկսեցի բույսեր մշակել՝ տղայիս շունչը զգալու»,-պատմեց նա:
Եռաբլուրում Արմենակի հուղարկավորությունից հետո նկատել է, որ նրա գերեզմանի վերևում բալենի է: Ինքն էլ բալ շատ էր սիրում: Այդպես որոշել է խնդրել, որ բալի ծառ տնկեն այգում:

Հերոսի մայրը շեշտեց՝ սպան բանակի ողնաշարն է, պետք է գնահատել, կոչ արեց կառավարությանը հիմա ծառայություն իրականացնող սպաների, նրանց ընտանիքների նկատմամբ ավելի ուշադիր լինել, սոցիալական պայմաններ ստեղծեն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Կենտրոնում հերոսի անունը կրող սրահի բացման համար ֆինանսավորում է արել «Իմ քայլը» հիմնադրամը:
«Իմ քայլը» հիմնադրամը նախորդ տարի մոտ 400 հազար դոլար է հատկացրել կենտրոնի զարգացման նպատակով: Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանն ուրախությամբ նշեց, որ բավականին որակյալ աշխատանք է կատարվել, առաջարկվում է բարձրորակ բուժսպասարկում: «40 տոկոսով մեծացել է կենտրոնի թողունակությունը: Ողջ բժշկական անձնակազմը վերապատրաստվել է, այդ թվում արտերկրում, բացվել են հոգեբանի, կինեզոթերապիայի և լոգոպեդի նոր սենյակներ, բուժկենտրոնը համալրվել է նոր սենյակներով: Կարևորում եմ նաև կենտրոնի կողմից վերապատրաստման և կրթական ծրագրերի իրականացումը, որը թույլ է տալիս տղաներին վերականգնվելուց հետո վերաինտեգրվել հասարակությանը՝ ստանալով նոր մասնագիտություն»,-ասաց նա ու հավելեց՝ 2020-ին շարունակելու են աջակցությունը:

Հիմնադրամը կենտրոնին աջակցում է բացառապես ամերիկահայ բարերար Ջորջ Բաղումյանի կողմից հատկացված նպատակային նվիրատվությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am