Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում էկումենիկ աղոթք է կայացել

Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում էկումենիկ աղոթք է կայացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված է Սուրբգրային հետևյալ համարը. «Նրանք մեր հանդեպ չափից ավելի մարդասիրություն ցույց տվին» (Գործք 28. 2): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիայի հայոց թեմի մամուլի դիվանից։

«Էկումենիկ աղոթքին մասնակցում են Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Հունա-Կաթոլիկ, Հռոմեա-Կաթոլիկ, Գերմանիայի Լութերական Ավետարանական, Անգլիկան, Կալվին Բողոքական եկեղեցիները:

Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝

Հունվարի 18 - միասնական աղոթք Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում, հունվարի 19 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվարի 20 – Հունա-Կաթոլիկ Սուրբ Բարսեղ Մեծ տաճարում, հունվարի 21 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվար 22 – Անգլիկան եկեղեցում, հունվարի 23 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 24 – Կալվին Բողոքական եկեղեցում, հունվար 25 – Ռումին Ուղղափառ եկեղեցում:

Հունվարի 21-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Աուրել Պերկան, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ Ֆերնանդո քահանա Ռեիսը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ: Խոսքով հանդես եկան Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Թեմակալ Առաջնորդ Տաթև Սրբազանը:

Հունվարի 25-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Անգլիկան եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի հայոց թեմի: Թեմակալ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը ներկայացրեց Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. «Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ այս տարի ևս առիթ և հնարավորություն ընձեռեց համախմբվելու և կանգնելու միասնական աղոթքի` քրիստոնեական արժեքների բացահայտման և վերարժեվորման համար: Կարևորում ենք ընտրված թեման, քանզի ժամանակակից աշխարհում և ընդհանրապես բոլոր ժամանակներում մարդկային փոխհարաբերություններում մշտապես պակասել են սիրո, գթասրտության և մարդասիրության գաղափարները:

Մարդ-Աստված և մարդ-մարդ փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու,  մարդասեր կամ գթասիրտ լինելու ճանապարհը Տիրոջը նմանվելու, Աստծո հետ երկխոսելու ճանապարհն է,  քանզի Աստված Կատարյալ Սեր է: Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Ավետարանում Քրիստոս ասում է՝ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. ԺԵ 5): Առանց Քրիստոսի հետ հարաբերվելու՝ չենք կարող լիարժեք կյանքով ապրել: Հիսուս մեզ սովորեցնում է նաև, թե որն է իրական փոխհարաբերությունների հիմքը: Դա սերն է: Պիտի սիրենք մեկս մյուսին այնպես, ինչպես Քրիստոս մեզ սիրեց: Առանց սիրո  չկա փոխհարաբերություն:

Արարելով Ադամին՝ Աստված տեսավ, որ մարդը փնտրում է իր նմանին և նրա համար լավ չէ մենակությունը, այսպես ստեղծվեց Եվան: Բայց մարդը մեղանչեց ու հեռացավ Աստծուց, այդպիսով խախտվեց ներդաշնակությունը: Այսօր էլ, որքան մարդը շարունակում է հեռանալ Աստծուց, այդքան հեռանում է իր նմանից: Աստծուն չընդունող մարդիկ չարությամբ են լցված նաև այլ մարդկանց նկատմամբ: Սա կարծես օրինաչափություն է դարձել: Քրիստոս եկավ աշխարհ՝  շտկելու մարդկային փոխհարաբերությունները: Այսօր էլ մենք խնդիր ունենք հասնելու ճշմարիտ փոխհարաբերությունների: Մարդը ոչնչի չի կարող հասնել՝ մեկուսացման ճանապարհն ընտրելով: Որքան էլ չարիքն ու խաբկանքը, անտարբերությունն ու թշնամանքը շատ են, բայց այնուամենայնիվ մարդասեր, կարեկից ու բարի մարդիկ դեռ կան. եթե չենք կարողանում նման  մարդկանց տեսնել՝  խնդիրը մեր մեջ է: Պետք է սկսենք ճանաչել աշխարհը և ճանաչել՝ սիրով, Աստծուն սիրելով: Քանի որ սիրո մեջ է դրսևորվում մարդու ազատությունը:

Քանի որ մարդիկ ստեղծված են «Աստծու պատկերով», բոլորն էլ կարող են բարի լինել (Ծննդ. Ա 27)։ Օրինակ, երբ Պողոս առաքյալը Հուլիոս անունով մի զինվորականի հսկողությամբ ուղևորվում էր Հռոմ, այդ մարդը «բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ Սիդոն քաղաքում նա գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր մասին» (Գործք ԻԷ 3)։ Որոշ ժամանակ հետո Մալթայի բնակիչները «արտասովոր մարդասիրություն» դրսևորեցին Պողոսի և իր հետ եղողների նկատմամբ, որոնք նավաբեկության էին ենթարկվել։ Նրանք «կրակ վառեցին» և «օգնություն ցույց տվեցին» տուժածներին (Գործ. ԻԸ 1,2)։ Մարդասիրություն են են դրսևորում նույնիսկ Աստծուն չճանաչող մարդիկ (Գործք ԻԷ 3; ԻԸ 2)։ Մալթայի բնակիչները, որ չէին ճանաչում Պողոս առաքյալին, մարդասիրություն ցուցաբերեցին, ընդունեցին, թեև չէին ճանաչում ճշմարտությունը, բայց կարծես թե զգացին ու տեսան ներքին տեսողությամբ: Էքզյուպերին ասում է՝ սրատես է միայն սիրտը, ամենագլխավորն աչքերով չես տեսնի: Այն, ինչ հաճախ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտելու: Եթե փորձենք սահմանել սերը, ապա լավագույն պատասխանը, որ պիտի տանք, հետևյալն է՝  Աստված սեր է, իսկ Աստծո Խոսքը, քրիստոնեությունը՝ սիրո քարոզ՝ ուղղված համայն մարդկությանը:

Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ նա, ում մեջ սեր կա, Աստծո Կամքն է կատարում, Նրա աշակերտն է. «Նրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհ. ԺԳ 35), ահա, սա է մարդկանց ուղղված աստվածային պատգամը: Ի վերջո, պետք է հաշտ լինենք ինքներս մեզ քեզ հետ, մեր խղճի հետ, անսանք Աստծո ձայնին, որը մեր ներսում է, այդ ժամանակ կզգանք աստվածային սերը, որ զերծ է եսակենտրոնության վերածվելուց, որը զգում ենք յուրայինների և նույնիսկ օտարների հանդեպ, քանզի Աստված սեր է, իսկ ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ: Պողոս առաքյալն ասում է. «Եվ ոչ ոքի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը» (Հռոմ. ԺԳ 8):

Մենք մեծապես ուրախ ենք, որ ամեն տարի քրիստոնյա մեր եղբայրների հետ միասնաբար աղոթքի ենք կանգնում` հանուն աստվածային սիրո, հանուն խաղաղության, և համերաշխության, եկեղեցիների միջև երկխոսության ու համագործակցության խորացման, մտքերի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում էկումենիկ աղոթքի մասնակից բոլոր եկեղեցիների առաջնորդներին ու ներկայացուցիչներին, բոլոր կազմակերպիչներին: Մեր միասնական աղոթքը թող առիթ դառնա առավել զորանալու ու Քրիստոսի կենարար Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելով առավել մոտենալու և մերձենալու Տիրոջը: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ այսուհետ մեր գործերով փառավորվի Տիրոջ անունը, որպեսզի մարդը կարողողանա իր քայլերն ուղղել դեպի Աստված` հաշտ ու ներդաշնակ լինելով իր Արարչի, բնության ու ինքն իր հետ՝ վայելելով Տիրոջ օրհնություններն ու շնորհները, հեռու ամեն տեսակ չարությունից, անտարբերությունից ու թշնամանքից»»,- ասվում է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ