Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մաքսանենգները դիմում են հնարքների՝ թմրամիջոց տարանցելու համար. ՊԵԿ-ը կանխել է նման 6 դեպք

Մաքսանենգները դիմում են հնարքների՝ թմրամիջոց տարանցելու համար. ՊԵԿ-ը 
կանխել է նման 6 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքով Իրանից այլ երկրներ թմրամիջոցների տարանցիկ փոխադրման 6 դեպք է կանխվել նախորդ տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը:

«Հայաստանը երբեմն հանդիսանում է թմրամիջոցների փոխադրման համար տարանցիկ երկիր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին հայտնաբերել  է թմրամիջոցների տարանցման 6 դեպք: Մասնավորապես, կանխվել է Հայաստանի տարածքով Իրանից Կանադա սուրհանդակային առաքման միջոցով գրեթե 5 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձ»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ մաքսանենգներն օգտագործել են թմրանյութը թաքցնելու բավականին հետաքրքիր եղանակ: Ափիոնը ներծծված է եղել պարսկական ազգային հագուստների ներքին հատվածում առկա թաղիքների մեջ: Ընդ որում, ափիոնի հետ մաքսանենգները խառնել էին նաև որոշակի քանակի սուրճ, որպեսզի էլ ավելի դժվարացնեին հատուկ վարժեցված ծառայողական շների կողմից թմրանյութի հայտնաբերումը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ: Վարդանյանը հատկանշական համարեց,  որ նրանց ձերբակալումից հետո տեղեկություններ  են ստացվել, որ  մաքսանենգները Հայաստանից  մեկ ծանրոց արդեն իսկ հասցրել էին ուղարկել Մեծ Բրիտանիա: «Անհրաժեշտ էր արագ կապ հաստատել Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ, որը մեզ հաջողվեց: Մեր գործընկերները Լոնդոնի օդանավակայանում հայտնաբերել են թմրանյութով ներծծված հագուստների պարունակությամբ ծանրոցը, այնուհետև իրավապահների կողմից ձերբակալվել են նաև դրա ստացողները»,-ասաց Վարդանյանը:

Բացահայտվել է Իրանից Կանադա 5 կգ ափիոնի տեղափոխման երկու այլ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում և «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Թմրանյութը թաքցված է եղել մետաղական դետալների մեջ:

2019 թվականի ընթացքում բացահայտվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքով 7,7 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման 2 դեպք՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Մեկ դեպքով՝ Թեհրան-Երևան երթուղով շարժվող երկու ուղևորների՝ Իրանի քաղաքացիներ հանդիսացող ամուսինների ճամպրուկում հայտնաբերվել է 2,7 կգ մեթամֆետամին՝ պինդ վիճակում: Թմրանյութը մաքսային հսկողությունից թաքցված է եղել ճամպրուկի ստորին մասի տեսք տալու միջոցով: Երկրորդ դեպքով՝ շուրջ 5կգ քաշով մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվել է Իրանի քաղաքացու ճամպրուկում՝ կառուցվածքի պատերի մեջ:

«Թմրանյութի մեկ այլ խոշոր խմբաքանակ բացահայտվել է 2019-ի դեկտեմբերին, երբ իրանցի կնոջ ճամպրուկի կրկնակի հատակին հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մոտ 3կգ խմբաքանակ»,-ասաց Վարդանյանն ու նշեց՝ դա Հայաստանում առաջին դեպքն է եղել, որ հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի այդպիսի խմբաքանակ:

Վարդանյանը շեշտեց, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: Այս երթուղով Հայաստանի տարածքով հերոինի փոխադրման կանխման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում՝ Վրաստանի իրավապահ մարմինների և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am