Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներկայացում, շնորհանդես. Սևակի տուն-թանգարանը հետաքրքիր միջոցառումներով է տոնելու գրողի 96-ամյակը

Ներկայացում, շնորհանդես. Սևակի տուն-թանգարանը հետաքրքիր միջոցառումներով է 
տոնելու գրողի 96-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակը, որի ստեղծած անթիվ ու անհամար գործերը գերել և գերում են տարբեր սերունդների ներկայացուցիչների, հունվարի 24-ին կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանն ավանդույթի համաձայն նշելու է գրողի ծննդյան տոնը` կազմակերպելով տարբեր միջոցառումներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանն ասաց, որ ծաղիկներ են խոնարհելու գրողի շիրիմին, այնուհետև  Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները և «Ռոտոնդա» մանկապատանեկան ներառական թատերախումբը հանդես են գալու ելույթներով, թատերական ներկայացմամբ:

«Շատ եմ կարևորում հատկապես «Սիրունիկ, Սիրունիկ» և «Ձեր ծանոթները» վերնագրերով բացառիկ գրքի շնորհանդեսը, որում ամփոփվել են Հովհաննես Թումանյանի և Պարույր Սևակի մանկական ստեղծագործությունները: Գիրքն ունի երկու շապիկ. մի կողմից սկսվում է թումանյանական հատվածը, մյուսից՝ սևակյանը։ Հնարավոր է`Սևակի մանկական բանաստեղծությունների մասին քչերն են հիշում, այդ իսկ պատճառով ներառել ենք նրա այդ գործերը»,-պատմեց Ղազարյանը:

Անդրադառնալով տուն-թանգարանի գործունեությանը` Սևակ Ղազարյանը շեշտեց, որ ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել է տնօրենի պարտականությունները, և այդ ընթացքում որոշ փոփոխություններ են իրականացրել:

«2019 թվականին կտրուկ ավելացել է մեր թանգարան այցելողների թիվը: Ընդհանուր առմամբ՝ թանգարանն ունեցել է 14085 այցելու: Սա աննախադեպ ցուցանիշ է թանգարանի` գրեթե 40-ամյա գործունեության համար: Անգամ Երևանի կենտրոնում կան թանգարաններ, որոնք այդ ցուցանիշը չունեն: Կարծում եմ`այցելուների քանակի աճը պայմանավորված է նաև նրանով, որ ակտիվ ենք նաև վիրտուալ սոցիալական հարթակում: Ամբողջացրել ենք տուն-թանգարանի մատուցած ծառայությունների փաթեթը»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով` ցանկանում են տուն-թանգարանում և դրա տարածքում այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ կարողանան այնտեղ այցելել ամբողջ ընտանիքով և լիարժեք օր անցկացնել:

Սևակ Ղազարյանը հավելեց, որ թանգարանն այժմ ջեռուցման համակարգ ունի և այս տարվանից սկսած աշխատում է նաև ցուրտ ամիսներին և հիշեցրեց, որ անցյալ տարի այցելուների առաջ իր դռներն է բացել Սևակի հայրական հարյուրամյա տունը, որը գտնվում է  գյուղամեջում: Տանը ծնվել և մեծացել է Պարույր Սևակը:

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայումս Զանգակատուն) գյուղում։ Սևակ կեղծանունն առաջարկել է նրան Ռուբեն Զարյանը` ի հիշատակ եղեռնի զոհ Ռուբեն Սևակի: Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից, և նույն տարիքից էլ հաճախել է դպրոց: Տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձել պոեզիայում։ Այնուհետև ընդունվել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Որոշ ժամանակ անց «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվել են Սևակի երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ստեղծագործելուն զուգահեռ` աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Եղել է նաև  Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am