Կառավարությունն արտոնություն տրամադրեց կաթնամթերքի արտադրության ներդրումային ծրագրին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքը օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար:
Նախարարի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք՝ 11 մլրդ դրամ արժեքով: «Մենք քննարկել ենք՝ արդյոք սրանով չե՞նք վնասում տեղական կաթ արտադրողներին: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա: Այս արտոնության արդյունքում կազմակերպությունը կստանա մաքսատուրքից ազատում 1,65 մլրդ դրամի չափով: ՀՀ բյուջեի նվազումը կկազմի 20,1 մլն դրամ»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ընկերությունն ունի 318 աշխատակից, այս ծրագրի արդյունքում ևս 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով: