Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պերինատալ խնամքի ռեգիոնալացում, թե փակվող ծննդատների զարգացում. մեկնաբանում են մասնագետները

Պերինատալ խնամքի ռեգիոնալացում, թե փակվող ծննդատների զարգացում. 
մեկնաբանում են մասնագետները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մի քանի ծննդատներ փակելու ՀՀ առողջապահության նախարարության որոշումը շարունակում է իրարամերժ տեսակետների առիթ տալ.  ոմանք պնդում են՝ փակելու փոխարեն, պետք է զարգացնել կարողությունները, ոմանք էլ միանշանակ կողմ են արտահայտվում որոշմանը՝ պնդելով՝ դա արվում է պերինատալ ու նեոնատալ օգնության որակը բարձրացնելու նպատակով: Վերջին տեսակետը սատարողներից է ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ Առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու Պավել Մազմանյանը:

«Եթե մենք ուզում ենք բարձրացնել պերինատալ օգնության էֆեկտիվությունը և որակը, բարելավել ցուցանիշները, ապա մենք պետք է գնանք այդպիսի քայլերի: Մեր երկրում պերինատալ և նեոնատալ մահացության ցուցանիշները վերջին 10 տարիների ընթացքում էապես չեն բարելավվել: Դա խոսում է այն մասին, որ հետագա բարելավումը անհնարին է դառնում առկա բուժօգնության համակարգի պարագայում: Տարբեր երկրների փորձը, որտեղ հասել են մայրական և մանկական մահացության նվազման նշանակալի հաջողությունների, ցույց է տվել, որ պերինատալ խնամքի ռեգիոնալիզացիան նախածննդյան խնամքի բարելավման և ընդհանուր հասանելիության, ինչպես նաև հղիության և ծննդաբերության վարման կատարելագործման հետ հանդիսանում է բավականին էֆեկտիվ միջոց: Ռեգիոնալիզացիան նախատեսում է վաղաժամ ծննդաբերության ռիսկ ունեցող կանանց հայտնաբերում, ինչպես նաև անհետաձգելի մանկաբարձական իրավիճակների ժամանակ հղիների ճիշտ և անվտանգ տեղափոխում մասնագիտացված կենտրոններ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մազմանյանը:

Նրա համոզմամբ՝ քիչ ծանրաբեռված ծննդատների կրճատումը, սակայն, պետք է կատարվի՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, քանի որ կան բնակավայրեր, որտեղից շտապ տեղափոխումը խնդրահարույց է: «Ինչպե՞ս պահպանել Մարալիկում անձնակազմի բարձր  մասնագիտական մակարդակը, ընդունելով շաբաթական 2 ծնունդ: Ինչպե՞ս վարել բարդացած ծննդաբերություններ, եթե չկան վիրահատող մանկաբարձ- գինեկոլոգ, անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ: Հայաստանի մարզերից մոտ 700 նորածիններ ամեն տարի տեղափոխվում են «Մուրացան» մանկական հիվանդանոց: Արդյո՞ք այդ ծննդաբերությունները պետք է տեղի ունենային մարզերում: Բոլորին հայտնի է, թե ինչպիսի բարդություններով է ուղեկցվում նորածինների, հատկապես անհասների, տեղափոխումը: Այս ամենը հաշվի առնելով ամբողջ աշխարհում նախընտրում են նախապես տեղափոխել հղիներին այն կենտրոններ, որտեղ կարող են ադեկվատ բուժօգնություն ցուցաբերել ինչպես հղիներին, այնպես էլ նորածիններին»,-ասաց նա:

Հայաստանում, որտեղ բնակչությունը ընդամենը 3 միլիոն է և տարեկան գրանցվում է շուրջ 36000 ծնունդ, գոյություն ունի մոտ 60 ծննդատուն և մանկաբարձական բաժանմունք, որոնցից 12- ը գտնվում են Երևանում: Մազմանյանի համոզմամբ՝ նույնիսկ Երևանում չափից շատ են ծննդատները: 

Որոշ ծննդատների փակումը նախարարությունից պայմանավորում են մասնավորապես դրանցում որոշակի մասնագետների բացակայությամբ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ավելի հեշտ չէր լինի անհրաժեշտ մասնագետների համար ավելի լավ պայմաններ ստեղծելով նրանց ներգրավվել, քան փակել՝ Մազմանյանն ասաց՝ միշտ չէ, որ խնդիրը մասնագետների առկայությունն է կամ բացակայությունը: «Խոսքն այն մասին է, թե այդ ծննդատունը ինչ տեղ և դեր է խաղում երկրի պերինատալ խնամքի համակարգում, ինչ գործառույթներ է այն իրականացնելու և ինչ ծանրաբեռնվածությամբ: Արդյո՞ք իմաստ ունի, որ տարեկան 100 ծննդաբերություն ունեցող բուժհաստատությունը գործի, եթե 20 կմ հեռավորության վրա կա պատշաճ կերպով գործող և նորմերին համապատասխանող մեկ այլ մանկաբարձական բաժանմունք»,-ասաց նա ու նշեց՝ օրինակ ՝ ծննդօգնության ծառայության ուժեղացման նպատակով ավելի լավ պայմաններ ստեղծելը և մասնագետներ ներգրավելը արդարացված է Գորիսում կամ Կապանում կամ տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող այլ հեռավոր բնակավայրերում՝ հաշվի առնելով Երևանից հեռու գտնվելու փաստը: 

Սակայն այս կարծիքը չի կիսում Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը: Նախարարությունը որոշել է Աչաջրի ծննդատան ֆինանսավորումը ևս դադարեցնել: Կորյուն Վարդապետյանը կողմնակից է ոչ թե ծննդատունը փակելուն, այլ կարողությունները զարգացնելուն: «Այդ ամենն արվում է պտղի և մայրական մահացությունը կանխելու համար, հասկանում ենք, միանշանակ ընդունում ենք: Բայց մյուս կողմից գործող սահմանամերձ գյուղերի հիվանդանոցները չպետք է փակվեն, հակառակը՝ պետք է զարգացնել: Եթե երիտասարդ մասնագետներ կան, որոնք պատրաստ են սահմանամերձ գյուղերում աշխատել, նրանց աշխատանքն ընդհակառակը պետք է խթանեն, ոչ թե խոչընդոտեն»,-համոզված է Վարդապետյանը: 

Նրա կարծիքով՝ ներկայում ՀՀ առողջապահությունը ծարավ է անեսթեզիլոգիայի գծով մասնագետների։ Նրա համոզմամբ՝ պետք է խթանել, ուսանողներին պայմաններ առաջարկել, մասնագետին տնով, բարձր աշխատավարձով ապահովել, որ Երևանից գնան մարզեր ու ցանկանան աշխատել: «Առողջապահության քաղաքականությունը պետք է տարվի այդ ուղղությամբ: Բոլորը կենտրոնացնելուց հետո մի 5 տարի հետո Իջևանինը կփակվի, 10 տարի հետո՝ մյուսը, և ամբողջ Հայաստանը կկենտրոնանա Երևանում, այդպես չի լինում»,-ասաց նա:

Աչաջրի ծննդատունը անցյալ տարի ունեցել է 79 ծնունդ, սակայն Վարդապետյանի հավաստիացմամբ՝ ունեցել են 171 հաշվառած հղի: «Գնահատել ենք, թե մեր պայմաններում որ ծնունդը կարող ենք ընդունել, բացատրել ենք հղիին, որ չենք կարող այդ պայմաններում ծննդաբերությունը վարել, ուղղորդել ենք ավելի բարձրակարգ տեղ»,-նշեց նա ու հավելեց՝ եթե ունենային անեսթեզիոլոգ և վիրահատարան, ապա այդ 171-ն էլ իրենց մոտ կծննդաբերեին:

Վարդապետյանի խոսքով՝ իրենց մոտից ծննդօգնություն ստանալու նպատակով Իջևան հասնելու համար կպահանջվի առնվազն 30 րոպե: 

Մազմանյանը որևէ վտանգ չի տեսնում նրանում, որ հղի կանայք տեղափոխվեն մոտակա այլ մանկաբարձական հաստատություններ: Խնդիրը աշխատանք կազմակերպելու մեջ է, և, բնականաբար, անհրաժեշտ է բարելավել տեղափոխման համակարգը: Նրա համոզմամբ՝ այլ բնակավայրի ծննդատուն տեղափոխվելու հարցը լուրջ խնդիրներ դժվար թե առաջացնի, բայց նաև ընդունում է, որ բնակչության մի մասը կարող է տեղափոխման հետ կապված խնդիրներ ունենալ: «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանց օգնություն տրամադրվի համայնքի կամ բժշկական հաստատության կողմից: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ընտանիքը նախապես պետք է պատասխանատվությամբ մոտենա ծննդաբերությանը և նախապատրաստվի երեխայի ծնունդին, հատկապես բարդ հղիության դեպքում»,-ասաց նա:

Մազմանյանի կարծիքով՝ պետք են բացատրական աշխատանքներ, անհրաժեշտ է կրկին հանդիպել համայնքի ղեկավարների և բնակչության հետ` իրավիճակը բացատրելու նպատակով: Նրա կարծիքով՝ հարկավոր է բարելավել տրանսպորտային միջոցները և անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը: 

ՀՀ առողջապահության նախարարության գնահատմամբ՝ Մարալիկի, Աչաջուրի , Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոնների ծննդատները և Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և ենթակա են լուծարման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am