Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վտանգավոր թափոնների կառավարմանը կուղղվի 5,3 մլն եվրո. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են կնքել

Վտանգավոր թափոնների կառավարմանը կուղղվի 5,3 մլն եվրո. քաղաքապետն ու ԵՄ 
դեսպանը հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Անդրեա Վիկտորինը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ: Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո: Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երևանը մրցութային հայտ է ներկայացրել և շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երևան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով: 2019-ին մեզ հաջողվեց չափազանց կարճ ժամանակահատվածում զրոյից ստեղծել և ամբողջ հզորությամբ աշխատեցնել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպությունը»: Այս տարվա հունվար ամսից կազմավորվել է «Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի կառավարման» կազմակերպությունը: Մենք քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ», - ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաև, որ Երևանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը:

Վերոհիշյալ բոլոր արդյունքներն ապահովվելու են զուգահեռաբար Տիրանայի և Վարշավայի հետ սերտ համագործակցության շնորհիվ՝ ինչպես նախատեսված է ծրագրի հայտում:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ Հայկ Մարությանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին: Զրուցակիցները կարևորել են ՀՀ մայրաքաղաքի համագործակցությունը ԵՄ կառույցների հետ՝ մի շարք բնապահպանական, քաղաքաշինական և սոցիալական կարևորության բնագավառներում:

Մասնավորապես, Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի համար առաջնային մարտահրավերներից մեկը հանրային տրանսպորտի բարեփոխումներն են, որոնք, ի թիվս այլոց, նաև լուրջ բնապահպանական և սոցիալական բաղադրիչներ են պարունակում: Հայկ Մարությանը նշել է, որ Երևանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ, և քաղաքն այդ գործում ակնկալու մ է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և նրա կառույցների աջակցությունը:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եմ կառույցները հանձնառու են գործընկեր երկրներում բնակչության համար ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելու գործում օժանդակելու և այս առումով պատրաստ են քննարկելու համագործակցության պայմանները որոշակի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am