Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խոշոր սուպերմարկետներն ու որոշ հանրային սննդի կետեր հիմնականում անցել են սպանդանոցային մորթի. ՍԱՏՄ

Խոշոր սուպերմարկետներն ու որոշ հանրային սննդի կետեր հիմնականում անցել են 
սպանդանոցային մորթի. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի հունվարի 15-ից ուժեղ վերահսկողություն է իրականացնում մսի վաճառքի կետերում և հանրային սննդի վայրերում՝ պարզելու համար դրանք սպանդանոցից են բերված, թե ոչ: Մսավաճառներն ու անասնապահները դեմ են սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշմանը, ու մի քանի օր շարունակ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Հունվարի 20-ին նրանք անգամ փակում էին փողոցների բանուկ հատվածները՝ խոչընդոտելով երթևեկությունը: Չնայած այդ ամենին, ՍԱՏՄ-ն վճռական է, որ սպանդանոցային մորթն անպայման պետք է ներդրվի, որպեսզի ամեն ինչ լինի օրինական և մաքուր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ սպանդանոցային մորթ իրականացնելու օրենքը գործում է 2017 թվականի հուլիս 1-ից:

« 2017 թվականի հուլիսի 1-ից ուսումնասիրություններ են արվել կենդանիների մորթն իրականացնելու ուղղությամբ, սակայն ամբողջական վերահսկողություն չի եղել: Այսօր արդեն ներկայացրել ենք մեզ մոտ առկա հետազոտությունները և փորձում ենք ժողովրդի համար իրազեկման լայն աշխատանքներ տանել, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն սպանդանոցային մորթի մասին:

Կառավարության դիմաց հավաքվող մարդկանցից յուրաքանչյուրի հետ մենք առանձնազրույց ենք ունեցել և բոլորին մանրամասն բացատրվել է, թե ինչ պետք է արվի, որպեսզի մորթն իրականացվի սպանդանոցում, ինչպես կառուցել սպանդանոցներ և այլն:  

Բողոքողների մեծ մասը միջնորդներ են, փողոցային մորթ իրականացնողներ, ովքեր գուցե մեծ գումարներ կորցնեն, սակայն նրանց հետ նույնպես բացատրական աշխատանքներ են տարվել, թե ինչպես կարող են շարունակել օգուտ ունենալ այս իրավիճակում և խնդիրներ չունենալ: Մենք նրանց առաջարկել ենք աշխատել սպանդանոցների հետ և մորթը կազմակերպել հենց այնտեղ:

Երևանի ամբողջ շրջակայքում՝ 30 կմ շառավղով, կան բավականաչափ սպանդանոցներ: Կոտայքի մարզում արդեն կառուցվել է 10 սպանդանոց, իսկ Արմավիրի մարզում՝ 3, իսկ ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ կա 25 սպանդանոց, որոնք ավելի են շատանում: Արարատի մարզում նույնպես կան սպանդանոցներ: Երևանի պահանջարկն ամբողջությամբ լրացվում է արդեն իսկ առկա սպանդանոցների միջոցով:

Ավելի հեռու մարզերում որոշակի խնդիրներ ունենք, առաջիկա շաբաթների ընթացքում, մինչև փետրվարի վերջ սպանդանոցների թիվը կավելանա: Հունվարի 15-ի դրությամբ՝ կար 22 սպանդանոց, իսկ այդ օրվանից մինչև այսօր բացվել է ևս 3-ը:  

Այն անձինք, ովքեր ցանկանում են սպանդանոց կառուցել, գրանցվում են մեզ մոտ, նրանց պարտադիր կերպով տրամադրվում է «5-րդ ձևի փաստաթուղթ» և կոդ: Հետագայում, եթե քաղաքացին ցանկանա, կարող է ինչ-որ մի հանրային սննդի կետ այցելելիս պահանջել այդ փաստաթուղթը և համոզվել՝ արդյոք այնտեղի միսը սպանդանոցից է, թե ոչ:

Հարությունյանը վստահեցրեց, որ մսի գինը չի բարձրանա, եթե արհեստականորեն մսավաճառները խնդիրներ չստեղծեն, չնայած, այդ դեպքում էլ մրցակցությունն «իր գործը կանի»:

«Սպանդանոցների սեփականատերեր կան, որոնք ասում են, որ իրենք տեղափոխման գումար ընդհանրապես չեն գանձելու, իրենք միայն կվերցնեն մորթվող անասունների գումարը: Բոլոր սպանդանոցները հուշագրեր են ստորագրել, որ կենդանու տեղափոխումը հենց իրենք ենք իրականացնելու և 30 կմ շառավղով ու 3 և ավելի կենդանու դեպքում կլինի միանգամայն անվճար: Խոշոր եղջերավոր անասունների մորթն իրականացվում է առավելագույնը 10 հազար դրամով, մանր եղջերավորները 3500 դրամով, իսկ խոզերը՝ 5 հազար դրամով»,- նշեց Հարությունյանը:

Վերահսկողությունն արդեն իսկ ուժեղացված իրականացնում ենք և հիմնականում բոլոր խոշոր սուպերմարկետներն ու որոշ հանրային սննդի կետերն անցել են սպանդանոցային մորթի:

Օրենքով սահմանված մորթ չիրականացնելու և այդ միսը վաճառել փորձելու  դեպքում տույժ կկիրառվի մինչև 300 հազար դրամ:

Անասնապահներն ու մսավաճառներն այսօր դադարեցրին մի քանի ժամ տևած իրենց բողոքի ակցիան և հայտարարեցին, որ հունվարի 21-ին ժամը 08:00-ից փակելու են տարբեր մարզերի ճանապարհներ:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ տեղեկացրեց, որ իրենց գործընկերները այժմ փակել են Աշոցք-Ամասիա ճանապարհը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am