Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

Այլևս երբեք.Բաքվի ջարդերի ականատեսները 30 տարի անց սպասում են իրադարձությունների արժանի գնահատականի

Այլևս երբեք.Բաքվի ջարդերի ականատեսները 30 տարի անց սպասում են 
իրադարձությունների արժանի գնահատականի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տարիները չեն մթագնում հիշողությունը, 30 տարի անց Բաքվի ջարդերի ականատեսները ցավով վերհիշում են անցյալն ամենայն մանրամասնությամբ: Ականատեսները ոչ միայն ամեն տարի խոսում են Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցած վայրագությունների մասին, այլև հոգու խորքում պահում են այն հույսը, որ օրերից մի օր այդ իրադարձությունները կսատանան իրենց արժանի գնահատականները: Բաքվից փախստական, ԱՄՆ-ի բնակիչ Աննա Աստվածատուրյան-Թերքոտն Ադրբեջանում հայկական ջարդերի ականատեսներից է: Նա 10 տարեկան էր, երբ սկսվեցին Սումգայիթյան ջարդերը: Մանկության այդ փուլն ուղեկցվեց վախի, սարսափի զգացողություններով:

«Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանի մյուս քաղաքներում ակնհայտ փոխվեց հայերի նկատմամբ վերաբերմունքը: Դա ամեն տեղ էր զգացվում՝ բակում, հարևանության շրջանում, դպրոցում, ուսուցիչների կողմից: Մեր տան հարևանությամբ էին բողոքի ակցիաներն անցկացվում, լսում էինք հակահայկական կոչերը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ջարդերը տևական շարունակություն են ունեցել և այդ դաժանությունները մեր աչքի առաջ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աննա Աստվածատուրյան-Թերքոտը: Նա ընդգծեց, որ այլևս երբեք չպետք է թույլ տալ նման գործողություններ: Անհրաժեշտ է շարունակել խոսել հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացրած վայրագությունների մասին և հարցը բարձրացնել միջազգային տարբեր հարթակներում: Աննա Աստվածատուրյան-Թերքոտի հորդորն է լինել ակտիվ: 

ԱՄՆ-ի բնակիչ, Բաքվի փախստական Միքայել Հովհաննիսյանը 15 տարեկան է եղել այդ դաժան իրադարձությունների ժամանակ: Նա նշեց, որ Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունը սկսել է շատ ավելի վաղ, քանի Սումգայիթի դեպքերն էին:

«Երբ Բաքվում գործողությունները սկսեցին, մենք տևական ժամանակ տանից  դուրս չէինք գալիս: Պատուհանից տեսնում էինք, թե ինչպես են մարդկային խմբերը, թեպետ իրենց մարդ կոչելը դժվար է, հակահայկական կոչերով մտնում շենքեր, ջարդում դռները և մարդկանց ծեծելով դուրս բերում տներից: Քանի անգամ ենք մենք թաքնվել, քանի անգամ ենք շենքի երեխաներով հավաքվել թաքստոցում…մեր հարևանի ամբողջ գրադարանը դուրս են թափել այրել և կրակի մեջ նետել նրան: Սարսափելի իրադարձություններ էին»,-ասաց Միքայել Հովհաննիսյանը: Իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ օր առաջ Բաքվից դուրս գալը միակ ճանապարհն էր: Օգտագործելով ունեցած կապերը, հեղինակությունը՝ Միքայելի ընտանիքը սովետական ծովային ռազմական ուժերի օգնությամբ դուրս է գալիս Բաքվից: Իրենց հետ եղել են բազմաթիվ այլ հայեր:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի խոսքով, թեման այնքան բազմազան է իր պատմություններով, հարցերով, որ ամեն անգամ նոր փաստեր են ի հայտ գալիս:

«Բաքվի ջարդերը ոչ միայն հունվարի 13-19-ն է, հայերի նկատմամբ հետապնդումները սկսվել են Սումգայիթից անմիջապես հետո, և՛ սպանություններ, և՛ հալածանքներ, և՛ նսեմացումներ, աշխատանքից ազատումներ են եղել: Այսինքն՝ 1990 թվականի հունվարը դարձավ այդ իրադարձությունների գագաթնակետը»,-ասաց Մարինա Գրիգորյանը: Նրա խոսքով, որևէ կասկած չկա, որ կատարվածը ցեղասպանություն է: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը համակարգված մոտեցում կցուցաբերի այս հարցին և իրերն իրենց անունով կկոչի: Ազգային ժողովում հունվարի 18-ին կանցկացվեն լսումներ այս թեմայով:

Թե Աննան, թե Միքայելը, լինելով ԱՄՆ-ում, շարունակում են կապ պահել Հայաստանի ու Արցախի հետ, նրանք հանդես են գալիս մի շարք բարեգործական ծրագրերով: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ