Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սեդրակ Մամուլյանը հանրությանը հորդորում է Ամանորին ծիսական կերակրատեսակներ մատուցել հյուրերին

Սեդրակ Մամուլյանը հանրությանը հորդորում է Ամանորին ծիսական 
կերակրատեսակներ մատուցել հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հանրությանը խորհուրդ է տալիս Ամանորին սեղանը զարդարել հայկական ծիսական կերակրատեսակներով` այն զերծ պահելով ծանր և դժվարամարս ուտեստներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մամուլյանը դեկտեմբերի 27-ին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք այն երջանիկ ժողովուրդներից ենք, որոնք նախնիներից գրեթե ամբողջությամբ ժառանգել են տոնածիսական կերակրատեսակների համակարգը, և շատ լավ կլինի, եթե տոներին մեր հասարակությունը պահպանի դրանք մատուցելու ավանդույթը»,-նշեց Մամուլյանն ու պատմեց, որ հիմնական կերակրատեսակները, որոնք բնորոշում են Ամանորը, պահպանված են. օրինակ` Նավասարդի հարիսան, որը նաև քեշկեկ է կոչվում:

Մամուլյանի խոսքով` այն պարունակում է ձավար ու միս և, ի տարբերություն սովորական հարիսայի, միսը գառան է. տարբեր է նաև պատրաստման ձևը. եթե սովորական հարիսան խաշելուց հետո հարում են, ապա Նավասարդի հարիսան չեն խառնում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի և զերծ մնա պատերազմներից:

«Շատ կարևոր է կճախաշը, որը նաև ծանդիլ են անվանում: Այն պատրաստվում է ընդեղենից` լոբուց, սիսեռից, ձավարից, վերջին շրջանում նաև եգիպտացորեն են ավելացնում: Այս կերակրատեսակը նույնպես տոների անբաժան մասն է եղել, այն բերքառատություն է խորհրդանշում: Ժամանակին պատրաստում էին նաև անուշապուրներ, որոնց բաղադրության հիմքում չիրն էր: Գյուղական վայրերում հաճախ դրանք մատուցվում է կոմպոտի տեսքով: Կան մարզեր, որոնցում հատկապես պահպանվում են կերակրատեսակների մատուցման ավանդույթները` խոսքը Սյունիքի մասին է: Դրանք պահպանվում են նաև Ջավախքում»,-տեղեկացրեց Մամուլյանը:

Նա ընդգծեց նաև տարեհացի մատուցման գաղափարը, որի մեջ մետաղադրամ են թաքցնում: «Տոնական սեղաններին միշտ եղել են տոլման, ղափաման: Պարտադիր է կլոր գաթան, որը խորհրդանշում է արևը: Մարդակերպ, կենդանակերպ գաթաներն ու խմորեղեններն էին ժամանակին հաճախ մատուցվում: Հետաքրքիր է, երբ տանը նոր հարս էր լինում, այդ տարի հարսի տեսքով էին պատրաստում խմորեղենը»,-ներկայացրեց խոհարարը:

Սեդրակ Մամուլյանը խոստովանեց, որ իրենց ամանորյա սեղանին սկզբունքորեն խոզի բուդ չի լինում: «Մենք հնդկահավ ենք մատուցում, տարբեր տեսակի տոլմաներ, զեյթունի կոլոլակներ, տարեհաց ենք անպայման պատրաստում»,-շեշտեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am