Շփման գծում մոնիտորինգի ռեժիմի հաստատման հետ կապված որևէ նախապայման չի դրվել. Սերժ Սարգսյան

Armenpress 14:14, 17 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գծում մոնիտորինգի ռեժիմի հաստատման հետ կապված որևէ նախապայման չի դրվել:

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին՝ օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումը:

«Մոնիտորինգի հաստատման վերաբերյալ որևէ նախապայման չի եղել: Ես չգիտեմ, թե որ ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրս բերման ու նոր դրանից հետո մոնիտորինգի հաստատման մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ,  ով այդպիսի բան չհայտարարեց այնտեղ»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենք չեն խոսել բանակցությունների մասին: «Խոսել ենք, որ լավ կլինի տեսանելի ապագայում հանդիպում կայանա, բայց որևէ պայմանների մասին չենք խոսել: Մենք խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին: Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագհներին և ինձ, ասում է,  որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Վստահ եմ` պատկերացնում եք իմ պատասխանը: Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը: Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը դա է»,-ասաց նախագահը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am