Թուրք դեսպանի ելույթի ժամանակ արգենտինահայերը թռուցիկներ են բաժանել

Armenpress 16:08, 28 Մարտ, 2015

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Թուրքիայի դեսպանը Թաներ Կարակասի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2015թ.» ելույթի ժամանակ Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների ասոցիացան թռուցիկներ է բաժանել կոնֆերանսի մասնակիցներին` ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության իրական պատկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  PrensaArmenia-ն, թռուցիկներում երիտասարդները գրել են, որ թուրք-ադրբեջանական լոբբին շարունակում է սուտ քարոզչություն տարածել եւ Թուրքիայի պետական գործիչը կեղծ տեղեկատվություն է ներկայացնում այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Երիտասարդները մանրամասներ են ներկայացրել 2013թ. Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին` շեշտելով, որ այդ ժամանակ 11 ցուցարար էր սպանվել, 8 հազար մարդ վիրավորվել էին, եւս 3 հազարը-ը` ձերբակալվել: «Հետեւաբար խոսել այդ երկրում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կամ խոսքի ազատ արտահայտման հնարավորության մասին անհնար է: 2014թ. սեպտեմբերին Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեցին, թե 2015թ. սերտ համագործակցելու են որպեսզի կարողանան չեզոքացնել Հայոց ցեղասպանության լեգենդը:  Թուրքիայի Սահմանադրության 301 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր բացահայտ հայտարարություններ են անում թուրքական կառավարության դեմ: Թուրքիան աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրողներ ունեցող պետությունն է: Էրդողանի կառավարությունը հասավ նրան, որ 2014թ. ընտրությունների ժամանակ արգելափակեց youtube-ն ու twitter-ը»,- ասված է թռուցիկներում: Արգենտինահայ երիտասարդները հիշեցրել են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է երրորդ երկրի պատճառով եւ հայտարարել, որ սահմանը կբացի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրավունքից եւ միակողմանի զիջումների կատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:        



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am