Հայաստանում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը

Armenpress 20:53, 23 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի  է ունեցել  ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարել է  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել  ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:  Զեկուցողը նշել է, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը: Հաշվետու շրջանում  18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը: Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն:

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարված աշխատանքը՝ Հունան Պողոսյանը նշել է, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի և այլ դեպքերով: Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 81,6%-ով:

Անդրադառնալով 2014 թ. ոտիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական է գնահատել  կատարված աշխատանքը:

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձել է  տարածքային ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ստորաբաժանումների ենթակայության վերակառուցման խնդիրներին: 

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը կարևորել է արտաքին ծառայությունների նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված 2015 թվականին Հայաստանում նախատեսվող մի շարք խոշոր միջոցառումների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ներկայացրել է վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ հաշվետու շրջանում մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունները գրանցումից թաքցնելու և այլ արատավոր երևույթներ բացառելու ուղղությամբ: 

Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ներկայացրել է  զորամասերի մարտական պատրաստականության վիճակը և այն միջոցառումները, որոնք իրականացվում են անձնակազմի մասնագիտական որակների և նյութատեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ներկայացրել է  համակարգի ինքնամաքրմանը, օրինականության ամրապնդմանն ու ոստիկանի կերպարի ձևավորմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը բարեփոխումների արդյունքների վերջնական ամրագրումն է:

Հաշվետու զեկույցներին հաջորդած քննարկումից հետո ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել տարվա ընթացքում ծառայողական բարձր մակարդակով աչքի ընկած ստորաբաժանումներին ու համակարգի վետերաններին: Ոստիկանության 14 ծառայողներ խիստ նկատողություն են ստացել:

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները: Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին, ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով, 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացել են  պարգևների:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am